Զբոսաշրջիկներին գրավում է Սաքսոնիայի մարգարիտը
Դրեզդեն քաղաքից 25 կմ հյուսիս-արեւմուտք՝ Էլբա գետի ափին, գտնվում է 12-րդ դարում հիմնադրված Մայսեն քաղաքը, որը համարվում է Սաքսոնիայի մարգարիտը:
Այս քաղաքն անվանում են նաեւ Սաքսոնիայի օրրան: Մայսենում ընդամենը 27-30 հազար մարդ է բնակվում: Քաղաքում 3 կամուրջ կա: Այն հայտնի է իբրեւ հին գինեգործական կենտրոն եւ եվրոպական ճենապակու հայրենիք:
Կյուրֆուրստ (միապետ) Օգոստոս 2-րդ Հզորը (գերմաներեն՝ August II. der Starke), ում ֆիզիկական մեծ ուժի համար անվանում էին «Սաքսոնյան Հերկուլես» եւ «Երկաթե բազուկ», 1710 թ. հրամայել է այստեղ կառուցել Եվրոպայում առաջին ճենապակու մանուֆակտուրան: Տեղի բացառիկ ճենապակու խորհրդանիշը երկու խաչաձեւ կապտագույն թրեր են՝ որով մայսենյան նուրբ ճենապակին ճանաչելի է ամբողջ աշխարհում։
Մայսենը միջնադարում գերմանական եպիսկոպոսների եւ սաքսոնական իշխանների նստավայրն է եղել: Այս փոքրիկ քաղաքն իրապես հեքիաթային տեսք ունի, նեղլիկ փողոցներով քայլելիս, ասես հայտնվում ես միջնադարում, իսկ Մայսենի խորհրդանիշ Ալբրեխտսբուրգ ամրոցը (Albrechtsburg) վերեւից տիրաբար նայում է զբոսաշրջիկներին: Մայսենը 1423-ին դարձել է Սաքսոնիայի մայրաքաղաք: Ալբրեխտսբուրգ համալիրի մաս է կազմում նաեւ Մայսենի ամրոցը:
Մայսենում ամեն տարի անցկացվում են գինու եւ ճենապակու փառատոներ, այցելուները կարող են տեսնել, թե ինչպես է ստեղծվում տեղի նրբագեղ ճենապակին: Ի դեպ, Մայսենի ճենապակին օգտագործվում էր ոչ միայն որպես պերճանքի առարկա, այլեւ այն նվիրում էին երկրների ղեկավարներին ու տիրակալներին՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելիս: Օրինակ, ժամանակին Լյուդովիկոս XV-ին Մայսենից Ֆրանսիա է ուղարկվել ճաշի գերշքեղ սպասք: Մայսենի ճենապակին 18-19-րդ դարերում օգտագործվել է նաեւ որպես արժույթ՝ արտաքին առեւտրի ժամանակ:
Այսօր Մայսենի փոքրիկ բուտիկներից կարելի է գնել ինչպես անտիկվար ճենապակյա զարդեր, արձանիկներ ու զանազան իրեր, այնպես էլ գեղեցիկ հուշանվերներ: Մայսենը նաեւ ձիակառքերի քաղաքիկ է, զբոսաշրջիկները սիրում են զբոսնել կառքերով, որոնց լծված են ամրակազմ ձիեր: Դրանք այնքան նրբագեղ չեն, ինչպես, օրինակ, Վիեննայում կամ Կրակովում հանդիպող ձիերը: Չնայած գերմանական շնչին, Մայսենում իտալական փոքրիկ ընտանեկան սրճարաններ կան, որտեղ պարծենում են, թե իտալական սնունդը համար առաջինն է նաեւ Մայսենում:
Մայսենում գերմանացիները հպարտանում են իրենց տեղական նուրբ թխվածքաբլիթով՝ ֆումելով (Meissener Fummel): Նույնիսկ ավանդապատում կա ֆումելի հետ կապված. ասում են՝ այն մտածել էին մայսենյան հացթուխները Օոգոստոս Հզորի հրամանով: Քանի որ նրա սուրհանդակը խմիչքի հետ սեր ուներ, նրան հրամայվում էր վերադարձին անվնաս ֆումել հասցնել արքունիք, ինչը պրակտիկորեն բարդ էր անգամ խմիչք չօգտագործած մարդու պարագայում, որովհետեւ Մայսենի ճանապարհները քարքարոտ էին ու դժվար անցանելի:
Մայսեն միշտ կարելի է վերադառնալ՝ գեղեցիկ բնություն, խաղաղություն, համեղ ուտելիքներ վայելելու եւ շքեղ ճարտարապետության միջոցով աչքը շոյելու համար: Ի դեպ, մեկ լիարժեք օրը լրիվ բավարար է այս չքնաղ քաղաքը տեսնելու ու ասես դարերի միջով ճամփորդելու համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի
«Առավոտ» օրաթերթ
13.06.2025