Հայաստանում տարածաշրջանային խնդիրների իսկական եւ կեղծ փորձագետները տարբեր խորության մտքեր են արտահայտում Իսրայել – Իրան թեժացող եւ, անշուշտ, շատ վտանգավոր հակամարտության մասին: Ընդհանուր աշխարհաքաղաքական համատեքստն, իհարկե, շատ կարեւոր է, բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է կողմերի գործողությունների ընկալումը մեր՝ հայաստանյան տեսանկյունից:
Նախ՝ եթե վերանանք քաղաքական եւ բարոյական գնահատականներից, պետք է արժանին մատուցել Իսրայելի հետախուզության եւ զինուժի տեխնիկական ու պրոֆեսիոնալ բարձր մակարդակին: Իսրայելն, ինչ խոսք, մեր բարեկամ երկիրը չէ, ավելի շուտ՝ Ադրբեջանի բարեկամն է: Բայց սովորելու բան շատ ունենք: Ես վստահ եմ, որ այդ երկրի հզորության հիմքը գաղափարախոսության մեջ է: Այդ գաղափարախոսությունը (սիոնիզմը) խարսխված է դարավոր կրոնական եւ ազգային ավանդույթների վրա: Տնտեսությունը, ռազմարդյունաբերությունը, բանակն արդյունավետ են, երբ կա անխափան գործող պետական համակարգ, իսկ պետությունը կայանում է այն դեպքում, երբ բացի «պարզապես ապրելուց», հասարակությունն ունի նպատակներ, տեսլականներ: Տվյալ դեպքում՝ Տաճար:
Բայց այդ բոլոր ուսանելի հանգամանքներով հանդերձ՝ այս կոնֆլիկտում իմ համակրանքը Իրանի կողմն է: Ի՞նչ է ստացվում՝ Իրանն ու ԱՄՆ բանակցություններ են վարում ուրանի հարստացման շուրջ, կողմերը չեն կարողանում պայմանավորվել, բայց Իրանին՝ իր դիրքորոշման համար «պատժում է» Իսրայելը, որի գործողություններին, սակայն, ըստ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ԱՄՆ-ը «ներգրավված չէ»: Ագրեսիայի համար արժեր ավելի կուռ հիմնավորումներ կառուցել:
Այո, Իրանում հաստատված քաղաքական ռեժիմը կարծր ավտորիտարիզմ է, բայց դա ինձ ավելի քիչ է հետաքրքրում, քան այն, որ Իրանն իսկապես շահագրգռված է Հայաստանը տեսնել որպես անկախ պետություն: Աշխարհում այդպիսի եզակի երկրներից է նաեւ, թերեւս, Վրաստանը: Մնացածը կա՛մ ցանկանում են մեր պետության կործանումը (գիտենք, թե ով), կա՛մ անտարբեր են (այդ թվում՝ Ռուսաստանը):
Կարդացեք նաև
Հիշենք, թե ինչպես էր վերջերս Ալիեւը համոզում Իրանին՝ փոխել դիրքորոշումը եւ թույլ տալ, որ նա Հայաստանի տարածքով «Զանգեզուրի միջանցք» բացի: Պարզ է, չէ՞, թե ում է ձեռնտու Իրանի թուլացումը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Եթէ Իրանը ՀՀի բարեկամն էր, ապա պէտք է որ միջամտէր, 2020ի վերջին պատերազմին: Գոնէ զինամթերք եւ ռազմական ոչ-մարդկային աջակցութիւն հայթայթէր:
Ընդհակառակը, թուրքերը Արցախի ճակատը ճեղքեցին՝ հարաւէն: Իրանի սահմանին վրայով: Հատրութը, առաջինը ինկաւ: Եւ ուրեմն Իրանը խնդիր չոընէր որ նոր, լա՜յն սահման մը գոյանայ, իր եւ Ադրբեջանի միջեւ:
ՀՀ-ն միակ փրկութիւնը պիտի ըլլար՝ Իսրայէլի նման բանակ մը ունենալ: Ռազմամթերքի ներքին արտադրութեամբ:
Եւ այդ պարագային, կարեւոր չէ թէ բոլոր հարեւան երկիրները թշնամիներ ըլլան:
Թուղթէ վագր մըն է, Իրանը եւս: Եթէ այաթոլլաները խելք ունենան, կը բանակցին, կը հրաժարին հիւլէական զէնքից: Թէ ոչ, իրենց այժմու վարչակարգը վերջացած է: Կը փոխարինուի քաղաքակիրթ վարչակարգով մը, եւ իրանցիները շունչ մը կ’առնեն վերջապէս:
Մ. Հայդուկ Շամլեան
Սովետը ուժեղ էր, քանի դեռ իր հույսն ու հավատը իր ժողովուրդն էր՝ բանվորի, գիտնականի, զինվորի ՝՝արտադրության էմիսիոն կենտրոնի՝՝ տերը ռուսական կայսրությունն էր , իսկ երբ այդ կայսրության հույսն ու հավատը դարձան դրսի կողմից ղեկավարվող նավթն ու գազը, իր ժողովուրդը միանգաից դարձավ անօգուտ գլխացավանք եւ կայսրության ոչնչացումն արդեն ժամանակի հարց էր: Նույն սխալը կրկնում են շատ ու շատ օգտակար հանածոներով հարուստ երկրները, որոնց հույսն ու հավատը իրենց ժողովուրդը չի: Ժողովրդավարությունը անփորձ ժողովրդի ձեռքում փորձանք է դառնում այդ ժողովրդի ու իր պետության համար, բայց առանց ժողովրդավարության էլ ժողովուրդն ու պետությունը չեն զարգանում եւ ապագա չունեն: Պետությունը տանկ է եւ անփորձ մարդուն տանկ չեն վստահում, բայց երբ քո վրա թշնամու տանկ է գալիս, պետք է փորձառու տանկիստ ունենաս, որ ունեցածդ տանկը հանես թշնամու տանկի դեմ: Մենք ամերիկացիներից ու եւրոպացիներից շտապ պետք է սովորենք ժողովրդավարություն, քանի դեռ միգրանտները այդ գեղեցիկ պարտեզները քարուքանդ չեն արել: Մեր սահմանակից քոչվոր ժողովուրդներին էլ պետք է իրենց կենսակերպին վերադարձնել, նստակյաց կենսակերպը նրանց որպես տեսակ կվերացնի, ինչպես մեր տեսակն է վերանում մեր հողից դուրս օտարի ափերում էս քոչվորական կենսակերպից, ինչքան էլ տեղացիները մեզ լավ են վերաբերվում: Հայ տեսակը պահպանելը յուրաքանչյուր հայի գործն է, եկեք մենք մեզ համար ստեղծենք տեղական ինքնակառավարման մարմիներ մեր ժամանակավոր կորցված հողերի համար եւ երբ մենք մեր հողերը կորցնելու մեր սխալները գիտակցենք ու շտկենք, այդ ժամանակ էլ մեր սահմանակից արհեստական պետությունները կվերանան եւ մենք կունենանք կազմակերպված կենտրոնացված պետություն: Ով հավատում է, նրան Արարիչն է իր ամենազորությամբ աջակցում: