Օրերս Թուրքիայում որպես բնապահպանական ներկայացող մի քանի տասնյակ կազմակերպություններ ակցիա են իրականացրել Իգդիր քաղաքում՝ Հայաստանի կառավարությունից պահանջելով դադարեցնել Մեծամորի ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) շահագործումը՝ բնապահպանական և առողջապահական ռիսկերի պատճառաբանությամբ։
Ակցիա իրականացնողները մի շարք կեղծ ու մանիպուլյատիվ պնդումներ են արել Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետների, պայմանների և անվտանգային ռիսկերի վերաբերյալ, որոնց էլ անդրադարձել է «Փաստերի ստուգման հարթակը»։
Մանիպուլյացիա՝ շահագործման ժամկետի վերաբերյալ
Թուրքական կազմակերպությունները պնդել են, թե իբր հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը լրացել է դեռևս 20 տարի առաջ։
Կարդացեք նաև
Այսպես, Մեծամորի ԱԷԿ-ի երկրորդ՝ ՋՋԷՌ-440 խորհրդային տիպի ռեակտորը, որն այսօրվա դրությամբ միակ գործողն է, շահագործման է հանձնվել 1980 թվականին, իսկ այս տիպի ռեակտորների նախագծային շահագործման ժամկետը սահմանվում է 30 տարի։
Սա նշանակում է, որ եթե նույնիսկ նախագծային շահագործման ժամկետը լրացել է, ապա այս դեպքում ժամկետը կավարտվեր 2010 թվականին, ինչը «20 տարի առաջ» չէ, ինչպես պնդում են թուրքական կազմակերպությունները։
Միևնույն ժամանակ, մանիպուլյատիվ է պնդումը, թե ռեակտորի շահագործման ժամկետը լրացել է, քանի որ կազմակերպություններն անտեսում են ռեակտորի միջազգային լիցենզավորումը և երկարաձգման ու արդիականացման ծրագրերը։
Այսպես, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) համաձայն, ռեակտորի նախագծային շահագործման ժամկետը չի կարող սահմանափակել դրա հետագա շահագործումը, եթե կատարվում են համապատասխան տեխնիկական վերազինումներ և անվտանգության բարելավման միջոցառումներ․ ըստ ՄԱԳԱՏԷ-ի՝ ռեակտորները կարող են գործել 50 և ավելի տարի, եթե դրանք ժամանակին արդիականացվում են։
Շեշտենք, որ Մեծամորի ԱԷԿ-ում 2000-ականներից սկսած կատարվել են արդիականացման և անվտանգության բարելավման բազմաթիվ միջոցառումներ․ դրանց նախկինում ևս FIP.am-ը անդրադարձել է ծավալուն հոդվածով։
Այս միջոցառումների շնորհիվ ՄԱԳԱՏԷ-ի թույլտվությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է երկարացնել շահագործման ժամկետը՝ սկզբում մինչև 2016 թվականը, ապա՝ մինչև 2021 թ․-ը, իսկ հետո էլ՝ մինչև 2026 թվականը։
Այժմ էլ ընթանում են աշխատանքներ՝ ռեակտորի աշխատանքը մինչև 2036 թվականը երկարացնելու ուղղությամբ։
Այսպիսով, միայն ատոմակայանի նախագծային ժամկետի վրա հիմնված պնդումը, թե ռեակտորի շահագործման ժամկետը լրացել է, մանիպուլյատիվ է, քանի որ անտեսվում է ՄԱԳԱՏԷ-ի կողմից երկարաձգման պաշտոնական թույլտվությունը՝ հիմնված կայանի արդիականացման ու անվտանգության բազմաթիվ միջոցառումների վրա։
Սեյսմիկ ռիսկի հին ու կեղծ թեզը
Թուրքական կազմակերպությունները, խոսելով հայկական ատոմակայանի սեյսմիկ ռիսկերի մասին, պնդում են՝ «հասարակության մեջ լայնորեն հայտնի է, որ Մեծամորի ատոմակայանը 1988 թվականի երկրաշարժի ժամանակ կանգնել է աղետի եզրին»։
Այսպես, 1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում` Սպիտակ քաղաքի շրջանում (ԱԷԿ-ից 83 կմ հեռավորության վրա) տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ընթացքում ԱԷԿ-ի էներգաբլոկները շարունակում էին աշխատել անվանական հզորությամբ, քանի որ ռեակտորների սեյսմիկ պաշտպանության ազդանշանով ավտոմատ կանգը նախատեսված է 6 բալից ավելի երկրաշարժի դեպքում:
Երկրաշարժից հետո՝ 1989 թվականի փետրվարին և մարտին, կանգնեցվեցին №1 և №2 էներգաբլոկները՝ ԽՍՀՄ մինիստրների խորհրդի որոշմամբ, ինչին հաջորդեց համապատասխան հանձնաժողովի զննությունը։ Ըստ այդմ, ատոմակայանի շինարարական կառուցատարրերում, սարքավորումներում և համակարգերում երկրաշարժի սեյսմիկ ազդեցության հետ կապված խախտումներ չհայտնաբերվեցին, և հանձնաժողովը եզրակացրեց՝ ԱԷԿ-ը դիմակայել է երկրաշարժին:
Այսպիսով, պնդումը, թե Սպիտակի երկրաշարժի ժամանակ ատոմակայանը «հասել է աղետի եզրին», պատմական փաստերի խեղաթյուրում է և չափազանցություն։
Ինչ վերաբերում է ատոմակայանի՝ ներկայումս առկա սեյսմիկ ռիսկերի վերաբերյալ պնդումներին, ապա ՄԱԳԱՏԷ-ն քանիցս փաստել է, որ Մեծամորի ԱԷԿ-ը բավականաչափ արդիականացված է՝ սեյսմիկ ռիսկերին համապատասխան արձագանքելու համար։
Այսպիսով, չնայած Մեծամորի ատոմակայանը գտնվում է սեյսմիկ գոտում, այն կարող է դիմակայել համապատասխան ռիսկերին՝ իր արդիականացված համակարգերի շնորհիվ։
Իգդիրում օդի աղտոտվածության ցուցանիշների իրական պատճառները
Թուրքական կազմակերպություններն Իգդիր քաղաքում օդի աղտոտվածության մակարդակն ու դրա հետևանքով մի շարք հիվանդությունների տարածումը պայմանավորում են բացառապես հայկական ատոմակայանի շահագործմամբ:
Այսպես, Իգդիրը օդի աղտոտվածության մակարդակով համարվում է Թուրքիայի, երբեմն (2023 թվականին) նաև ամբողջ եվրոպական տարածաշրջանի ամենաշատ աղտոտված քաղաքը։ Հատկանշական է, սակայն, որ քաղաքում օդի աղտոտվածության ցուցանիշների միջազգային և տեղական վերլուծություններում հայկական ատոմակայանը ոչ միայն հիմնական գործոնը չէ, այլ հաճախ նաև չի էլ հիշատակվում։
Փոխարենը, ըստ փորձագետների, քաղաքում օդի աղտոտվածության հիմնական գործոններից առաջինը աշխարհագրական դիրքն է․ քաղաքը տեղակայված է դաշտավայրում, որը երեք կողմից շրջապատված է լեռներով, այդ թվում՝ Արարատով։ Այս ռելիեֆը կանխում է օդի շրջանառությունը, ինչի հետևանքով աղտոտված օդը մնում է քաղաքի մերձակայքում և չի ցրվում։
Հաջորդ գործոնը ցածրորակ վառելիքի օգտագործումն է․ քաղաքի բնակչության զգալի մասը ձմռանը տաքանալու համար օգտագործում է ցածրորակ ածուխ, քանի որ բազմաթիվ թաղամասեր դեռևս գազաֆիկացված չեն։ Սա էլ, իր հերթին, մեծ քանակությամբ մանր փոշու և ծծմբի երկօքսիդի արտանետման պատճառ է դառնում։
Պատճառների թվում նշվում է նաև կանաչ տարածքների բացակայությունը, հիմնականում բետոնապատ շինությունների քանակը, ընթացող շինարարական մեծածավալ աշխատանքները՝ առանց պատշաճ վերահսկողության։
Այսպիսով, Մեծամորի ատոմակայանի և Իգդիրի օդի աղտոտվածության միջև ուղիղ կապի մասին վկայող գիտականորեն հիմնավորված տվյալներ չկան։ Բացի այդ, հայկական ԱԷԿ-ը տարիներ շարունակ գտնվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության տակ, և մինչ օրս բացահայտված չեն այնպիսի խախտումներ, որոնք կբերեին շրջակա միջավայրի զգալի աղտոտման։
Մինչդեռ միջազգային ու հենց թուրքական վերլուծությունները փաստում են՝ վերում թվարկված գործոններն են, որ էական ազդեցություն ունեն քաղաքում օդի աղտոտվածության բացասական ցուցանիշների ձևավորման գործում։
Նանե ՄԱՆԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»