Հունիսի 13-ի գիշերը և լուսադեմին սպասվելիք պատերազմը սրընթաց մտավ մեր տարածաշրջան, ստույգ` մեր հարևան Իրանը ենթարկվեց Իսրայելի ռմբակոծիչների հարձակմանը։ Տագնապ է Իրանում, Իսրայելն է պատրաստվում հակառակորդի խոստացած հուժկու հակահարվածներից պաշտպանվելու, ժողովրդին ուղղորդում են ապաստարաններ, շենքերի ներքնահարկեր։
Իրանի հարևան երկրներն, իհարկե, նախապատրաստական պաշտպանական դիրքավորումների են անցնում, Իրաքում և այլ երկրներում տեղակայված ամերիկյան զորքերի անվտանգության վերաբերյալ է զգուշանում ԱՄՆ-ը և նախազգուշացնում է Իրանին չդիմել նման քայլերի։
Այսպես, իսկ մենք ինչպե՞ս ենք պատրաստվում անակնկալ վտանգների դեմ, ի՞նչ գործողություններ են արագորեն պլանավորվելու։ Նախ՝ առաջին հերթին պիտի մեր երկիրը ներսից ջղաձգության տանող հակամարտությունը դադարեցնել, ՀՀ վարչապետի` Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձի դեմ ծայր առած վեճի մանրամասների մեջ չմտնենք, դա Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարի ենթատեքստով է ընկալվում հանրության մեջ, և սա նախապես ենթադրելի էր, այդ մասին «Գրական թերթ»-ի նախավերջին համարում արտահայտվել եմ «Մեր խոսքը» նյութում։
Մեր պետության և համայն հայոց ժամացույցի սլաքները այժմ հարկ է ուղղված լինեն Հայաստանի անվտանգությանը։ Սա հրամայական է, երբ թշնամաբար մեզ ակնդետ նայող հարևանները առիթ են փնտրելու նոր հարձակման։
Կարդացեք նաև
Կա՛նգ առեք, բավական է իրար բզկտելու վարակը ցնցի առանց այդ էլ ոչ անդորր մեր հոգու տունը։
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ