2025 թվականի հունիսի 12-ին «Բացում» նախաձեռնությունը Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետին ու ՀՀ վարչապետին համատեղ ուղերձ էր հղել՝ կոչ անելով ընտրել երկխոսության ճանապարհը, և երկու կողմերից ակնկալում է հնարավորինս սեղմ ժամկետներում արձագանքել իրենց առաջարկին, քանի որ «ողջախոհ հանրությունը» սպասում է Վեհափառ հայրապետի և վարչապետի որոշմանը։
Երկխոսության հրավերը ողջունելի է, սակայն տեքստի բովանդակային առումով մի քանի խնդրահարույց շեշտադրումներ կան, որոնցից առանձնացնեմ միայն մեկը։ Խոսելով Եկեղեցու և իշխանությունների դիրքորոշման մասին, ըստ նախաձեռնության դիտարկման «Անզեն աչքով տեսանելի է, որ այդ դիրքորոշումները հանրության ներսում իրար դեմ լարում են առաջացրել»։ Այստեղ, ըստ իս, շփոթմունք կա, քանի որ ոչ թե կողմերի դիրքորոշումներն են հանրության մեջ լարում առաջացրել, այլ կոնկրետ իշխանությունների դիրքորոշումն է հանրության մեջ լարում առաջացրել։
Իսկ հունիսի 13-ին նույնանպատակ, սակայն տարբերվող բովանդակությամբ հանդես եկավ նաև Հանրային Խորհուրդը։ Հանրային Խորհուրդը նույնպես կողմերին երկխոսության է հրավիրում, ինչը, բնականաբար, կառուցողական քայլ կարելի է համարել, սակայն տեքստի բովանդակության մեջ կրկին վիճահարույց կետեր կան, որոնցից նույնպես միայն մեկն առանձնացնեմ։ Որպես խնդրի լուծման ճանապարհ Հանրային Խորհուրդը կարծում է, որ «Եկեղեցին և հոգևորականները պետք է ցուցաբերեն քաղաքական չեզոքություն, իսկ պետությունն իր հերթին պետք է խուսափի Եկեղեցու ներքին ընթացակարգերին միջամտելուց»։
Կարծում եմ՝ այստեղ նույնպես փոքր-ինչ շփոթմունք կա, քանի որ Հայ Առաքելական Եկեղեցին երկրի ներքաղաքական կյանքում որևէ ուղղությամբ չի դիրքավորվել, իսկ պաշտոնական հայտարարություններն ու հորդորները արվում են միայն ու միայն ելնելով ազգային շահերից ու հանրային համերաշխությունը ապահովելու նպատակով։ Եթե Հանրային Խորհուրդը նկատի ուներ Միքայել, Բագրատ սրբազանների ակտիվությունը քաղաքական հարցերում, ապա, բազմիցս նշվել է, որ դրանք մասնավոր տեսակետներ են և չպետք է վերագրվեն Եկեղեցուն։
Կարդացեք նաև
Չգիտեմ, Եկեղեցին կամ իշխանությունները կարձագանքեն երկխոսության այս հրավերներին թե ոչ, սակայն ես մի փոքր անդրադարձ կատարեմ, գուցե պարզ դառնա, թե որքանո՞վ է իրատեսական իշխանությունների կողմից կոռեկտության բոլոր կարմիր գծերը հատելուց հետո երկխոսության հնարավորությունը։
Իրականում այս հարցի առնչությամբ Եկեղեցին արդեն իր խոսքն ասել է 2025 թվականի հունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի պաշտոնական հայտարարությամբ, որին, ենթադրում եմ, ծանոթ են շատերը, այդ թվում նաև «Բացում» նախաձեռնությունն ու Հանրային Խորհուրդը։
Պետք է նկատի ունենանք, որ այն հայտարարությունները, որոնք կատարվում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն Հոգևոր Խորհրդի անունից, դրանք այլևս պատմական փաստաթղթեր են, որոնք արխիվացվում ու փոխանցվում են սերունդներին, իսկ հետագայում որոշ հայտարարություններ թերևս կներառվեն Հայ Եկեղեցու և Հայոց Պատմության մեջ։ Այդուհանդերձ հիշեցման կարգով մեջբերեմ Մայր Աթոռի հունիսի 2-ի հայտարարությունից ընդամենը երկու հատված, որոնք, կարծում եմ, իրենց մեջ պարունակում են բազմաթիվ հարցերի պատասխաններ։
Գերագույն Հոգևոր Խորհուրդը հայտարարել է, որ․ «Եկեղեցու Հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից»։
Կարծում եմ՝ շատ հասկանալի է, և այս սկզբունքը հայ իրականության մեջ գործում է շատ վաղուց։ Ի դեպ, չպետք մոռանալ նաև, որ Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամների մեջ կան նաև աշխարհիկ դասի ներկայացուցիչներ։ Գերագույն Հոգևոր Խորհրդի հունիսի 2-ի հայտարարության մեջ երկրորդ և ամենաէական ուղերձը, ըստ իս, այն է, որ․ «Հարկ չկա Եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ և մղելու հակադարձման գործողությունների»։ Ամեն ինչ ասված է։ Նույնիսկ եթե փակ կամ բաց քննարկումներ լինեն, ապա Եկեղեցին, կարծում եմ, իր դիրքորոշման մեջ հաստատուն կմնա և եկեղեցական հարցերը կկարգավորի կամ կբարեփոխի իր ներքին կանոնների համաձայն` ելնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, այսինքն հայ ազգի կենսական շահերից։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ