Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն հրապարակել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման վերաբերյալ հունիսի 10-12-ն ընթացող եռամսյակային նիստից հետո ընդունված որոշումները։
«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճռի կատարման ընթացքի վերաբերյալ Նախարարների կոմիտեի որոշմամբ արձանագրված է․ «Նախարարների կոմիտեի անդամները կրկին խստորեն ընդգծում են Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պատասխանող պետությունների անվերապահ պարտավորությունը՝ լիովին և արդյունավետ կերպով կատարել իրենց դեմ կայացված բոլոր ՄԻԵԴ վճիռները՝ ներառյալ դատարանի կողմից նշանակված արդարացի փոխհատուցման գումարները վճարելու՝ իրենց անվերապահ պարտավորությունը»։
Նշենք, որ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը վերաբերում էր հայ փախստականի բողոքին առ այն, որ 1992թ. Շահումյանը հարկադիր կերպով լքելուց հետո այնտեղ կորցրել է իր գույքն ու ունեցվածքը: Գերագույն պալատը որոշել է, որ Ադրբեջանը պետք է Սարգսյանին վճարի 5000 եվրո փոխհատուցում նյութական և բարոյական վնասի համար և 30 հազար եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում:
Նախարարների կոմիտեն նաև խորը մտահոգություն է հայտնում, որ Ադրբեջանի իշխանությունները որևէ տեղեկատվություն չեն տրամադրել տվյալ հանդիպման համար Նախարարների կոմիտեին և հորդորում են նրանց վերսկսել կառուցողական և արդյունքների վրա կենտրոնացած երկխոսությունը ԵԽ քարտուղարության հետ։ Նախարարների կոմիտեն նաև ափսոսանք է հայտնում, որ այս գործով արդարացի փոխհատուցման վճարման հարցում առաջընթաց չկա և կոչ անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ արդարացի փոխհատուցման համար վճարման ենթակա բոլոր գումարների վճարումն ապահովելու համար։
Կարդացեք նաև
Նախարարների կոմիտեն նաև որոշեց վերսկսել ներկայիս գործի քննարկումը ամենաուշը 2026 թվականի մարտին կայանալիք Կոմիտեի Մարդու իրավունքների հանդիպման ժամանակ և քննարկել նոր գործողություններ ձեռնարկելու հնարավորությունը, եթե մինչ այդ վճարման հարցում զգալի առաջընթաց չլինի։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ