Ռոբերտ Քոչարյանը հայցեր է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի. այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Երկու հայցերն էլ մուտքագրվել են հունիսի 13-ին։
Ընդդեմ Փաշինյանի ներկայացված հայցում Քոչարյանը պահանջում է պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում 05․06․2025թ․ հրապարակած «Դատարանի որոշմամբ արձանագրված է՝ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է» տեղեկատվությունը հերքել։ Որպես հերքման տեքստ սահմանել հետևյալը․«Նախկինում իմ կողմից Կառավարության նիստի ընթացքում հնչել են կեղծ, սուտ, ակնհայտ անհիմն արտահայտություններ, որոնք զրպարտել են ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ներկայումս ցանկանում եմ հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի՝ վերաբերյալ հայտնածս տեղեկատվությունը իրականության հետ որևէ առնչություն չունի և հանդիսացել է զրպարտության արդյունք։»
2. Նիկոլ Փաշինյանից հօգուտ Ռոբերտ Քոչարյանի բռնագանձել 6.000.000 ՀՀ դրամ որպես հասցված ոչ նյութական վնասի հատուցում:
Կարդացեք նաև
Հայցը մակագրվել է դատավոր Անի Կարաքեհյանին։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահանջում է
1. Պարտավորեցնել Ալեն Սիմոնյանին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում հրապարակայնորեն ներողություն խնդրել Հայցվորից։ Որպես ներողության տեքստ սահմանել հետևյալը․«Նախկինում իմ կողմից լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հնչել են հրապարակային արտահայտություններ, որոնցով ես նպատակ եմ ունեցել Ռոբերտ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորելու։ Ներկայումս ցանկանում եմ ներողություն խնդրել ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանից և հայտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի հասցեին նախկինում հնչեցրածս արտահայտությունները եղել են իմ ոչ իրավաչափ վարքագծի արդյունք, ինչի համար զղջում եմ»։
2. Պարտավորեցնել Ալեն Սիմոնյանին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում հրապարակայնորեն հերքել իր 19․05․2025թ․ ճեպազրույցի ընթացքում Հայցվորի վերաբերյալ արված զրպարտչական արտահայտությունները։ Որպես հերքման տեքստ սահմանել հետևյալը․«Նախկինում իմ կողմից 19․05․2025 թվականին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հնչել են կեղծ, սուտ, ակնհայտ անհիմն արտահայտություններ, որոնք զրպարտել են ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ներկայումս ցանկանում եմ հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հայտնածս տեղեկատվությունը իրականության հետ որևէ առնչություն չունի և հանդիսացել է զրպարտության արդյունք»:
3. Ալեն Սիմոնյանից հօգուտ Ռոբերտ Քոչարյանի բռնագանձել 6.000.000 ՀՀ դրամ՝ զրպարտության և 3․000․000 ՀՀ դրամ՝ վիրավորանքի համար՝ որպես հասցված ոչ նյութական վնասի հատուցում:
Այս հայցը մակագրվել է Ազատ Դունամալյանին։