Իրանի հայ համայնքում խուճապ չկա, տուժածներ չկան, այս օրերին կորուստներ չեն արձանագրվել։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց Թեհրանում լույս տեսնող «Արաքս» պարբերականի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը՝ անդրադառնալով Իրանի վրա Իսրայելի հարձակմանը։ «Հայ համայնքում ամեն ինչ խաղաղ է, որովհետեւ հայկական թաղամասերում հարվածներ չկան։ Թաղամասերին մոտ գտնվող տարածքներում հարվածներ եղել են, բայց հայ համայնքն ընդհանրապես վնասներ ու կորուստներ չունի»,- ասաց Քեշիշյանը։ Նրա խոսքով՝ Իրանում այսօր հայկական համայնքի թիվը մոտ 50 000 է։ Հայերը հիմնականում բնակվում են Թեհրանում, Սպահանում, Թավրիզում, նաեւ՝ այլ համայնքներում։
Անդրադառնալով հարցին՝ այս կոնֆլիկտը շո՞ւտ կհանգուցալուծվի, թե՞ ավելի ընդգրկուն ծավալ կունենա, Քեշիշյանն ասաց․ «Կարծում եմ՝ ուզեն-չուզեն՝ պետք է տանեն հանգուցալուծման։ ԱՄՆ նախագահն էլ նաեւ եկավ այն եզրահանգման, որ պիտի դադարի այս պատերազմը, հենց սկզբից էլ դա գիտեին իրենք։ Իրենք երեւի մտածում էին, որ այս ձեւով կճնշեն իրանական կողմին, որպեսզի իրանական կողմը հավելյալ միավորներ տա իրենց, բայց զգացին, որ այդպես չէ, եւ Իրանը չի գնալու դրան։ Վերջին հաշվով պատրաստ չի լինի իր իրավունքները զիջել։ Եվ հիմա պարտավոր են որոշակի փոփոխություն մտցնել իրենց քաղաքականության մեջ։ Եվ կարծում եմ, որ ԱՄՆ-ն պետք է ճնշի Իսրայելին, որպեսզի հետ նստի այս ձեռնարկած քայլերից, որովհետեւ դրանից ոչ մի օգուտ չի կարող ունենալ ինքը»։
Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է․ «Մենք վերահաստատում ենք մեր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը։ Մենք պատրաստ ենք ցանկացած համաձայնագրի, որի նպատակն Իրանի միջուկային զենք չունենալն է, քանի որ դա մեր իսկ դոկտրինն է։ Բայց եթե համաձայնագրի նպատակն այն է, որ Իրանին զրկեն իր միջուկային իրավունքներից, բնական է, որ մենք նման համաձայնագրի պատրաստ չենք»։
Մովսես Քեշիշյանի խոսքով՝ միջուկային զենքի հարցում Իրանը երբեք էլ հակառակ դիրքորոշում չի ունեցել։ «Գոնե պաշտոնական հայտարարություններ միշտ էլ եղել են այն, որ Իրանը միջուկային զենքի ուղղությամբ քայլեր չի պատրաստվում ձեռնարկել։ Փաստորեն իրանական կողմն իր դիրքորոշումը չի փոփոխել։ Այստեղ հարցը ոչ թե միջուկային զենքն է, այլ Արեւմուտքը պահանջում է ընդհանրապես ուրանի հարստացման պրոցեսը դադարեցնել, այնինչ, դա դեմ չէ Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության օրենքների կետերին։ Իրանն իր իրավունքների սահմաններում է գործում, ինչը միջազգայնորեն ճանաչված է։ Այդ պահանջները փաստորեն ավելորդ են, եւ Իրանը չի ենթարկվում այդ պահանջներին»,- ասաց Քեշիշյանը։
Կարդացեք նաև
Կանխատեսումներ կան, որ Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին Իրանում գործող ռեժիմը կարող է փլուզվել։ Անդրադառնալով այս հարցին՝ Մովսես Քեշիշյանն ասաց, որ նման վտանգ չի կարող լինել։ «Սովորաբար, երբ որեւէ երկրի վրա հարձակում է լինում, անկախ ամեն ինչից ժողովուրդն ավելի միասնական է դառնում։ Երկրում գործող տարբեր կառույցներ, կուսակցություններ, արվեստի ոլորտի մարդիկ, անկախ իրենց դիրքորոշումներից, բոլորն արդեն մեկ ճակատով հայտարարություններ են անում եւ պաշտպանում են իրանական շահը։ Այստեղ ուղղակիորեն Իրանի իրավունքների ոտնահարման հարց կա։ Եթե նման տարբերակով աշխարհում հնարավոր լիներ իշխանություն փոխել, ցանկացած երկիր կարող էր ձգտել հարեւան կամ այլ երկրների իշխանություններին փոխել։ Այս տեսակի վայրագություններ չեն գործում հիմա։ Այսօր ցանկացած ժողովուրդ ինքն է որոշում իր ճակատագիրը, եւ Իրանի ժողովուրդը նման որոշում այս պահին չունի եւ չի էլ ձգտում ունենալ՝ առավել եւս արտաքին ճնշմամբ»,- հավելեց նա։
Քեշիշյանի փոխանցմամբ՝ այս պահին իրավիճակը Իրանում հանգիստ է, երեկ գիշեր որոշ հարվածներ եղել են, բայց առաջին օրվա համեմատ հարվածները բավականին քիչ են։ «Փաստորեն, իրանական պատասխանները շատ տեղին կարողացել են հասկացնել հակառակորդին, որ չեն կարող չափից ավելի շարժվել, եւ այնպես չէ, որ Իրանը լուռ կմնա այդ հարվածների դիմաց։ Երեւի իրենք ակնկալում էին, որ Իրանը պատասխան չպետք է տար կամ պետք է քաշվեր այն հանգամանքից, որ ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելին։ Վերջիվերջո փաստը մնում է փաստը, որ Իսրայելն առանց ամերիկյան պաշտպանության կամ համաձայնության նման քայլի չէր գնա, դա ամբողջ աշխարհը գիտի։ Իրանը ցույց տվեց, որ անկախ ամեն ինչից իր շահերը կպաշտպանի։ Այսօր իրավիճակը համեմատաբար խաղաղ է, կարծում եմ, որ ուզեն-չուզեն՝ պիտի տանեն խաղաղության։ Պետք է նստեն բանակցության սեղանի շուրջ»,- նշեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ