Իսրայելա-իրանական հակամարտության հետեւանքով հայ զբոսաշրջիկների մի մասը հայտնվել են անորոշ իրավիճակում։ Սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվում, թե դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ չվերթները չեղարկվել են։ Մարդիկ հարցումներ են անում տուրիստական ընկերություններին, թե կարո՞ղ են այս օրերին մեկնել ԱՄԷ եւ Եգիպտոս հանգստի, արդյոք իրենց ամրագրած փաթեթներն ուժի մե՞ջ են։ Մյուս կողմից անհանգստություն ունեն այդ երկրներ արդեն իսկ հանգստի մեկնած զբոսաշրջիկները։
Իրավիճակը պարզելու նպատակով «Առավոտը» զրուցեց «Շելբի» ընկերության տնօրեն Մարինա Ավետիսյանի հետ։ Նրա խոսքով՝ սխալ է ասել, թե դեպի ԱՄԷ չվերթները դադարեցված են, պարզապես ավիաընկերությունները կարգավորումներ են կատարում իրենց չվացուցակներում։ Դեպի Դուբայ ու Աբու Դաբի մի քանի ավիաընկերություններ են թռիչքներ իրականացնում։ Օրվա ընթացքում մեկը կարող է չեղարկվել թռիչքը, մեկը՝ ոչ։ «Այնպես չէ, որ բոլորը կանգնած են, այս պահին միայն «Էյր Արաբիա» ավիաընկերությունն է, որ դեռեւս չի տեղեկացրել իր չվերթների վերսկսման մասին։ ԱՄԷ չվերթներն այս պահին տեղի են ունենում, ուղղակի թռնում են մի փոքր ավելի երկար, այլ երկրների թռիչքուղիով են գալիս եւ Իրանի վրայով չեն թռնում։ Այն ավիաընկերությունները, որոնք որոշում, են կայացնում չեղարկել իրենց չվերթները, դա կապված է իրենց ներքին կանոնակարգի ու որոշումների հետ»,- ասաց Մարինա Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ դեպի ԱՄԷ չվերթներ իրականացնում է երեք ավիաընկերություն՝ «Վիզ Էյր», «Ֆլադ Դուբայ» եւ «Էյր Արաբիա»։ Հակամարտության մեկնարկից ի վեր այս ավիաընկերությունները գործում են ըստ իրավիճակի։ «Վիզ Էյր» եւ «Ֆլադ Դուբայ» ընկերությունները, մեր զրուցակցի խոսքով, թռիչքներն իրականացնում են այլ ուղիներով՝ շրջանցելով հակամարտության ուղին։
«Չեղարկումներ եղել են եւ այսօր էլ կան, եւ ավիաընկերությունները տալիս են լուծումներ։ Մեր զբոսաշրջիկներից ոմանց ավիաընկերությունները տեղավորում են հյուրանոցներում, ոմանց չեն տեղավորում, տաբեր լուծումներ են առաջարկում ավիաընկերությունները։ Մենք անընդհատ կապի մեջ ենք մեր զբոսաշրջիկների հետ, եւ բոլորն ապահով են։ Չվերթները տեղի են ունենում կամ ուշացումներով, կամ չեղարկումներով եւ ուղղությունների փոփոխություններով։ Այս պահի դրությամբ ՝ «Վիզ Էյր» ավիաընկերությունը գրեթե չի չեղարկում, ուղղակի ունենում է ժամային փոփոխություններ։ «Էյր Արաբիա» ավիաընկերությունը ունեցել է չեղարկումներ, «Ֆլայ Դուբայ» ավիաընկերությունը եւ ունեցել է չեղարկումներ, եւ վերականգված ու օրվա փոփոխություն կատարած չվերթների իրականացում։ Մենք հետեւում ենք զարգացումներին, անհանգստանալու կարիք չկա։ Մենք ընդհանրապես չենք ունեցել փաթեթների չեղարկում, ուղղակի հաճախորդները զանգահարում են, տեղեկանում են իրենց փաթեթի կարգավիճակով։ Մենք էլ իրենց տեղեկություններ ենք տրամադրում»,- նշեց Մարինա Ավետիսյանը։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Եգիպտոսի ուղղությանը, հայտնի է, որ հայ զբոսաշրջիկների մի զգալի հատվածն ամառային հանգիստը գերադասում են անցկացնել Եգիպտոսում, մասնավորապես, Հուրգադայում, Շարմ Էլ Շեյխում եւ Էլ Ալամեյնում։ Մարինա Ավետիսյանն ասաց, որ Եգիպտոսի ուղղությամբ չվերթներն իրականացվում են բնականոն, հակամարտության սկզբից որեւէ խնդիր չի արձանագրվել այս ուղղությամբ։
«Այն պահից, երբ սկսվեց իսրայելա-իրանական հակամարտությունը, այդ ընթացքում մենք ունեինք զբոսաշրջիկներ բոլոր երկրներում։ Ովքեր գտնվում էին Եգիպտոսում, ընդհանրապես իրենց վրա ոչ մի փոփոխություն չեն զգացել՝ ոչ չվերթների ուշացումներ, ոչ չեղարկումներ։ Եվ այդ օրվանից մինչ օրս Եգիպտոսի ուղղությամբ բոլոր տուր փաթեթներն ընդհանրապես ոչ մի փոփոխության՝ չեղարկման ու ժամային փոփոխության չեն ենթարկվել եւ չեն ենթարկվելու գալիք օրերի ընթացքում։ Մենք մեր գործընկերների կողմից ստացել են ինֆորմացիա, որ Եգիպտոսի չվերթները տեղի են ունենում այլ թռիչքուղով եւ ոչ մի կապ չունեն այն թռիչքուղիների հետ, որոնք հակամարտության գոտում են»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ