Այսպես էլ պարզ չդարձավ, թե ինչո՞վ էր պայմանավորված փաստաբանական ծառայությունների մատուցման առնչությամբ պետության կողմից վարվող հարկային քաղաքականության վերանայումը:
Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի (ներկայացուցիչներ՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ, փաստաբան Սիմոն Բաբայան, փաստաբան Արամ Վարդեւանյան, Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյան) դիմումը Սահմանադրական դատարանում էր այս տարվա հունվարի 22-ից: Դիմող կողմը խնդրել էր որոշել ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի՝ ՀՀ Սահմանադրության 29-րդ, 60-րդ, 61-րդ, 64-րդ, 67-րդ, 78-րդ, 81-րդ հոդվածներին, իսկ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թ. հունիսի 12-ին երկրորդ ընթերցմամբ ընդունված՝ փաստաբանական ծառայություն մատուցողների հարկման ռեժիմի վերանայման մասով «ՀՀ Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-285-Ն ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխանության հարցը։ Հիշեցնեմ, որ ըստ դիմողի՝ պետությունն իր կանոնակարգումներով չպետք է ուղղակի կամ անուղղակի սահմանափակումներ նախատեսի իրավապաշտպան գործունեության համար՝ հաշվի առնելով տվյալ ոլորտի առանձնահատկությունն ու դերը ժողովրդավարության, իրավունքի գերակայության, անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության ապահովման գործում: Եվ որ՝ օրենքի ընդունմամբ ոչ միայն անմիջականորեն վտանգի տակ են դրվել երաշխիքները, այլ պետությունն անտեսելով փաստաբանական գործունեության իրավապաշտպան բնույթը, այն հավասարեցրել է այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են, ի թիվս այլնի, խաղատնային գործունեությունը, արտարժույթի առք ու վաճառքի գործունեությունը, շահումով խաղերի իրականացումը, վիճակախաղերի կազմակերպման գործունեությունը եւ այլն: Եվ առհասարակ, նշված գործունեության ոլորտները ոչ միայն որեւէ կերպ համադրելի չեն, այլ՝ «վտանգում են իրավական պետության քաղաքականության առաջնահերթություն համարվող` իրավապաշտպան գործունեության անկաշկանդ իրականացման նախադրյալները»։ Հաշվի չի առնվում նաեւ այն, որ իրավապաշտպան գործունեության բնույթը ենթադրում է նաեւ որոշակի խումբ գործերով կամավոր անհատույց հիմունքներով իրավաբանական օգնության տրամադրումը, որն, ի դեպ, ՀՀ-ում խրախուսելու համար մոտ մեկուկես տարի առաջ նույն օրենսդրի կողմից մշակվել եւ ընդունվել էր հատուկ թիվ ՀՕ-366-Ն օրենքը: Դիմողի տեղեկացմամբ, այլ կերպ ասած, թեեւ փաստաբանը եկամուտ չի ստանալու նշված օգնությունը տրամադրելիս, սակայն ստիպված է լինելու վճարել ավելացված արժեքի հարկ:
ՍԴ-ն կարճեց «ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի եւ 12.06.2024 թ. ընդունված՝ փաստաբանական ծառայություն մատուցողների հարկման ռեժիմի վերանայման մասով հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին թիվ ՀՕ-285-Ն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի վարույթը։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հ.Գ. ՍԴ-ն հունիսի 7-ին նշանակել էր Անդրանիկ սարկավագ Մանուկյանի գործով քննությունը: Այն հետաձգվել է, նշանակվել է հունիսի 17-ին:
«Առավոտ» օրաթերթ
14.06.2025