Լրահոս
Օրվա լրահոսը

«Թիրախ է դարձել մեր հարեւան եւ միակ ընդհանուր շահեր ունեցող երկիրը. Իրանը չի կարող սա անպատասխան թողնել». Էմմա Բեգիջանյան

Հունիս 16,2025 14:00

«Մենք, իհարկե, պետք է մտահոգվենք, որ թիրախ է դարձել մեր հարեւան եւ միակ ընդհանուր շահեր ունեցող երկիրը։ Թավրիզն արդեն այս օրվա ընթացքում երկրորդ անգամ է թիրախ դարձել»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց իրանագետ Էմմա Բեգիջանյանը՝ անդրադառնալով Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակմանը։

Էմմա Բեգիջանյանը փաստեց՝ իսրայելական կողմը հայտարարում է, որ սա սկիզբն է եւ տեւելու է այնքան ժամանակ, երբ իրենք արդեն վստահ կլինեն, որ Իրանը ի զորու չէ միջուկային զենք արտադրել։

Հիշեցնենք՝ միջուկային օբյեկտներից բացի, Իսրայելի գործողությունների թիրախում են հատկապես ավիաբազաները, հրթիռային օբյեկտները։ Վերջին ժամերի ընթացքում Իսրայելը թիրախավորել է՝ ավիաբազա, հրթիռների վառելիքի պահեստ Թավրիզում, Խորամմաբադի հրթիռային բազան, Համադանի ավիաբազան։

Խոսելով ԱՄՆ-ի դերակատարության մասին՝ իրանագետն ասաց. «ԱՄՆ-ն հայտարարեց, որ ինքը թեեւ տեղեկացված է եղել, բայց որեւէ առնչություն չունի այդ հարձակումների հետ. դրանք միակողմանի հարձակումներ են։ Բայց Թրամփն այս առնչությամբ իր հարցազրույցներում շեշտել է, որ եթե անհրաժեշտություն լինի, կաջակցի եւ կպաշտպանի Իսրայելին։ Իրանը տարբեր մակարդակներով հայտարարեց, որ շատ խիստ պատասխան է ստանալու Իսրայելը»։

Էմմա Բեգիջանյանի համար Իսրայելի հարձակումը Իրանի վրա սպասելի էր, քանի որ Թրամփը ԱՄՆ միակ նախագահն էր, որ Իսրայելին անվերապահորեն պաշտպանում է իր բոլոր գործողություններում. «Նաթանյահուն հենց այդ պատճառով այս քայլին գնաց հենց Թրամփի օրոք»։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը դեռ ժամանակ ունի գործարք կնքելու, նախքան «ոչինչ չմնալը»։ Ըստ Թրամփի՝ ավելի շատ պլանավորված հարձակումներ կան, որոնք «նույնիսկ ավելի դաժան են»։

Իրանագետից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ գործարքի չի համաձայնել Իրանը, Էմմա Բեգիջանյանը պատասխանեց. «Կիրակի պետք է տեղի ունենար վեցերորդ հանդիպումը ԱՄՆ-ի հետ։ Իրանը, բնականաբար, այս պայմաններում հրաժարվեց դրանից։ Մինչեւ այդ Թրամփը լավատեսական էր տրամադրված այդ բանակցություններին, բայց վերջին օրերը ցույց տվեցին, որ Թրամփը համոզված չէ, որ արդյունքները դրական կլինեն։ Իրանն առաջարկություններ էր ներկայացրել, որոնք արդեն պետք է քննարկվեին։ Գործարքը նրա մասին էր, որ Թրամփն ասում է՝ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք, Իրանն ասել է՝ ես դրան համաձայն եմ, համաձայնությունից հետո պետք է ամբողջությամբ ՄԱԳԱՏԷ-ն վերացներ ուրանի հարստացման գործունեությունը։ Բայց Իրանը հայտարարել էր, որ եթե այդ վառելիքը դրսից բերեն, ամեն վայրկյան  կարող է ինչ-որ պատճառով վառելիքների հոսքն ընդհատվել, ու ԱԵԿ-ները չաշխատեն, հետեւաբար պետք է ուրանի հարստացման գործընթացը շարունակի։ Եթե այդ գործարքը լիներ, Թրամփը կարող էր Նաթանյահուին համոզել, որ ինքը պետք է ունենա Իրանի հետ լավ հարաբերություններ, բայց բանը չհասավ դրան։ Իսրայելը դեմ էր այդ բանակցություններին եւ մտավախություն ուներ, որ դրանք կարող էին արդյունավետ լինել»։

Հարցին, եթե Իրանը ներգրավվի լայնամասշտաբ պատերազմի մեջ, ի՞նչ մտահոգություններ կարող են առաջանալ ՀՀ-ի հետ կապված, Էմմա Բեգիջանյանը պատասխանեց. «Ես, օրինակ, տեսնում եմ՝ եթե ԱՄՆ-ն ավելի շատ աջակցի կամ ինչ-որ տեղ միջամտի, այդ դեպքում Իրանն ունի տարբեր ռազմաբազաներ. կհարձակվի եւ կտարածվի։ Սաուդյան Արաբիան առաջիններից էր, որ խիստ դատապարտեց հարձակումը, այն անթույլատրելի համարեց, միջազգային բոլոր օրենքները խախտելու գնահատական տվեց։ Բայց եթե շարունակվի Իսրայելի հարձակումը, ապա Իրանը կարող է թիրախ դարձնել Ջրականում Իսրայելի լրտեսական օբյեկտներ. այսինքն՝ իսրայելական ամենամոտ օբյեկտները Իրանին Ադրբեջանում են»։

Ըստ Էմմա Բեգիջանյանի՝ Իրանը չի կարող սա անպատասխան թողնել. «Չնայած Իրանը մի քիչ ուշ շուրջ 100 ԱԹՍ-ներ էր ուղարկել, բայց արդյունքներն ավելի արդյունավետ են գործում փոքր տարածքներում, իսկ դրանք մինչեւ հասնում են այնտեղ, արդեն Իսրայելը կարող է հեշտությամբ չեզոքացնել։ Միեւնույն ժամանակ, ինչպես միջազգային ԶԼՄ-ներն են նշում, Իսրայելում կյանքը գնացել է արձակուրդ։ Ոչ մի դպրոց, օբյեկտ բաց չէ, սուպերմարկետներն են միայն աշխատում, ուրիշ ոչ մի բան։ Պետք է հաշվի առնել, թե այսպես ինչքա՞ն կարող է Իսրայելը դիմանալ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.06.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30