Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանին զեկուցեցին, որ նախորդ շաբաթ Երեւանում տեղի է ունեցել գազանջատման 7 դեպք, որոնցից միայն մեկն է եղել պլանային: Ինչ վերաբերվում է էլեկտրաէներգիայի վթարային անջատումներին, այդ թիվը կազմել է 41, իսկ պլանային անջատումները եղել են 19:
Քաղաքային տրանսպորտին էլ անդրադարձ եղավ: Նշվեց, որ 76 երթուղիներում 4579 շարժակազմ է սպասարկվել, կան 40-ը անսարք ավտոբուսներ: Մայրաքաղաքում ապօրինի շինությունների կանխարգելման աշխատանքների ուղղությամբ կատարված աշխատանքների մասին զեկուցելիս՝ նշվեց, որ ապօրինի շինարարության եւ հողազավթումների դեպքերով կազմվել է 73 արձանագրություն, հողօգտագործման ոլորտում սահմանված կարգի խախտման դեպերով՝ 34 արձանագրություն, շինարարության թույլտվության ժամկետների խախտման դեպքերով կազմվել է մեկ արձանագրություն, 11 արձանագրություն էլ կազմվել է առանց շահագործման թույլտվության շինությունները շահագործելու համար:
Տիգրան Ավինյանին զեկուցեցին նաեւ Ազգային օպերային թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորությամբ ապահովելու ուղղությամբ իրականացված աշխատանքների ավարտի մասին: Նշվեց, որ անցկացվել է 3500 մետր հոսանքի մալուխ, տեղադրվել են ԼԵԴ տեսակի 44 լուսարձակներ, ուժային եւ կառավարման վահանակներ, իսկ աշխատանքները կավարտվեն մինչեւ հուլիսի 15-ը:
Կարդացեք նաև
Տիգրան Ավինյանը նշեց, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի լուսավորության հարցը քաղաքապետարանի ոչ ամենամեծ, բայց ամենակարեւոր ծրագրերից է:
Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ