Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլսի պատրիարքի պարզաբանումը համարժեք ու համահունչ չէր այն իրողությանը, որը ներկա պահին առկա է Եկեղեցի – Պետություն հարաբերություններում

Հունիս 16,2025 11:47

Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք՝ Ամենապատիվ Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը որոշեց, կամ գուցե ստիպված եղավ, պարզաբանում մտցնել ՀՀ վարչապետի կողմից իրեն իբր նոր կաթողիկոսացու դիտարկելու հարցի վերաբերյալ։ ՀՀ «վսեմաշուք» վարչապետին ուղիղ դիմելով պատրիարք հայրը «պահ մը դադար առնելու» կոչ է անում, հույս ունենալով, որ 2026 թվականին հարցը օրինական ճանապարհով հանգուցալուծվելու հնարավորություն կընձեռվի։

Գենադի Մնացականյան

Պոլսի պատրիարքի պարզաբանումը, ըստ իս, համարժեք ու համահունչ չէր այն իրողությանը, որը ներկա պահին առկա է Եկեղեցի – Պետություն հարաբերություններում։ Սպասելի էր, որ պատրիարք հայրը հստակ բնորոշում կտար վարչապետի քայլերին, որոնք ուղղված են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հետևաբար համայն հայության դեմ։ Դա այնքան ակնհայտ է, որ դրա մասին խոսել ընդամենը վարչապետի կողմից «ցնցիչ պնդումներ» ձևակերպմամբ, կարծում եմ, հանգամանքների սխալ ընկալման կամ դիտավորյալ խեղաթյուրման հետևանք է։

Հասկանալի է, որ Պոլսում Թուրքիայի նախագահին ընդունված է «վսեմաշուք» անվանելը և այդ է պատճառը, որ պատրիարքը նրան «վսեմաշուք» է անվանում, թեև մենք ունենք «Տիար» բառը, որը լավագույնս է բնութագրում աշխարհիկ դասին պատկանող բարեպաշտ տղամարդուն։

Բայց առանձնապես էական նշանակություն չունեցող այդ հանգամանքի վրա չկենտրոնանալով միայն նշեմ, որ կարիք կա, որպեսզի Ամենապատիվ Սահակ Երկրորդ պատրիարքը մի «պարզաբանում» էլ կատարի Ադրբեջանի «վսեմաշուք» նախագահին կամ գոնե «գերապայծառ» Փաշազադեին ուղղած ուղերձներով, որպեսզի նրանք հասկանային, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին միշտ եղել ու մնում է խաղաղության դեսպանը ամբողջ աշխարհում և այդ ճանապարհից երբևէ չի շեղվել։

Վստահ եմ, որ Սահակ պատրիարքը շատ լավ գիտակցում է իր կողմից ասված յուրաքանչյուր խոսքի նշանակությունն ու ազդեցությունը, ուստի ավելին ինձ թույլ չեմ տա ասելու, որպեսզի ասածս ընկալվի ոչ թե իբրև քննադատություն, այլ ընկալվի որպես որդիական խոնարհությամբ արտահայտված դիտարկում։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30