«ՀՀ Սահմանադրությունը հստակ արձանագրել է, որ Եկեղեցին ու պետությունն անջատ են, միաժամանակ, 18-րդ հոդվածով սահմանվում է Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը։ Դա նշանակում է, որ հանրային իշխանությունը չպետք է որեւէ միջամտություն ցուցաբերի Առաքելական Եկեղեցու գործերին։ Դա վերաբերվում է նաեւ այլ կրոններին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ անդրադառնալով Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավին։
Ելնելով վերոասվածից, Վարդան Պողոսյանը հայտարարում է՝ այն գործողությունները, որոնք կատարում է Նիկոլ Փաշինյանը՝ հակասահմանադրական են։
Բանախոսը նկատում է՝ ՀՀ Սահմանադրության 41 հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ կրոնական կազմակերպությունները ինքնավարություն ունեն․ «Այսինքն՝ նվիրապետությունը, եկեղեցու սպասավորների նշանակման-ազատման հարցերը դուրս են պետական որեւէ մարմնի հայեցողությունից»։ Միաժամանակ, Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասով, ՀՀ պետական մարմինները կարող են կատարել գործողություններ, որոնք սահմանված են Սահմանադրությամբ։
Ըստ Վարդան Պողոսյանի, Նիկոլ Փաշինյանը «ցինիկաբար անցել է բոլոր կարմիր գծերը»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ հանձնաժողով ստեղծելու մասին, որը պետք է զբաղվի «եկեղեցու մաքրմամբ», Վարդան Պողոսյանն ասաց, որ անկախ իր հայտարարություններից, տվյալ պարագայում Փաշինյանը գործում է որպես վարչապետ՝ հակաեկեղեցական քայլեր ձեռնարկելով․ «Պաշտոնատար անձ հանդիսացող Փաշինյանը, թեկուզ մոլեռանդ քրիստոնյա, իրավունք չունի եկեղեցու դեմ քայլեր ձեռնարկել»։
Վարդան Պողոսյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Փաշինյանի ու Փաշազադեի խոսույթը չեն տարբերվում․ «Հետեւություններն ինքներդ արեք»։
Ամբողջական քննարկումը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ