Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի եւ Կոտայքի մարզերում անապահովության գնահատման նոր համակարգ է ներդրվում. Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար

Հունիս 16,2025 12:22

Մեկնարկում է զբաղվածության նոր ծրագիր՝ Սյունիքի եւ Կոտայքի մարզերում անապահովության գնահատման նոր համակարգով՝ անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց համար։ «Անապահովության գնահատման նոր համակարգ է ներդրվում, եւ այս պարագայում մեր պիլոտային մարզերը Կոտայքի եւ Սյունիքի մարզերն են»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։

Նրա ձեւակերպմամբ, սա զբաղվածության ռազմավարության կարեւոր ծրագրերից մեկն է, որի նպատակն է մարդկանց հնարավորություն տալ մուտք գործել աշխատաշուկա:

Փոխնախարարը ներկայացրեց երեք ուղղությունները եւ առաջարկվող գործիքները: Դրանցից մեկով նախատեսվում է ոչ ֆորմալ կրթություն, երբ պետությունը փոխհատուցում է գործատուի ուսուցման վարձի ծախսը՝ մինչեւ 250 հազար դրամ մինչեւ ամիս ժամանակով, որից հետո գործատուն պարտավոր է աշխատանքային պայմանագիր կնքել ծրագրի շահառու քաղաքացու հետ՝ առնվազն 6 ամսով, որի ընթացքում պետությունը մինչեւ 50 հազար դրամ գործատուի հարկերի, ծախսերի փոխհատուցում է անում:

Ռուբեն Սարգսյանի ներկայացմամբ, երկրորդը աշխատանքային փորձի ձեռքբերման բաղադրիչն է, որի պարագայում գործատուն մինչեւ 6 ամսվա աշխատանքային պայմանագիր է կնքում, եւ առաջին 3 ամիսներին պետությունը գործատուին փոխհատուցում է աշխատավարձերի եւ հարկերի վճարումները՝ ամսական 165 հազար դրամի չափով, իսկ հաջորդ 3 ամիսների համար էլ մինչեւ 50 հազար դրամ է տալիս՝ որպես հարկերի ծախսերի փոխհատուցում:

Ինչ վերաբերվում է 3-րդ բաղադրիչին, այս դեպքում առանց ուսուցման եւ պրակտիկայի աշխատանքային պայմանագիր է կնքվում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալն ասաց, որ այս պարագայում 2 ենթաբաղադրիչ է ներառված: « Առաջին բաղադրիչով հետեւյալն է՝ եթե գործատուն աշխատունակ նպաստառուի հետ պայմանագիր է կնքում 6-11 ամիս, ապա պետությունն առաջին 6 ամիսը փոխհատուցում է տվյալ աշխատողի աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան 50 հազար դրամը: Եթե գործատուն կնքում է 12 եւ ավելի ամսով աշխատանքային պայմանագիր, այս պարագայում պետությունը փոխհատուցում է գործատուի աշխատավարձի ծախսերի 70 տոկոսը, բայց ոչ ավել, քան 75 հազար դրամը»,-մանրամասնեց Ռուբեն Սարգսյանը:

Նա նաեւ հիշեցրեց, որ այս մոդելն արդեն իսկ գործում է արցախցիների, զինծառայողների պարագայում, բացառությամբ երրորդ բաղադրիչի:

Մանրամասն՝ տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30