Աղնջաձորում արդեն մեկնարկել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակում մշակված «Քաղցր գյուղ» նախագիծը, որի նպատակն է զարգացնել մեղվաբուծությունը և գյուղը դարձնել մեղվաբուծության օրինակելի մոդելային համայնք։
Հայկական մեղրի արտահանումը տարեցտարի ավելանում է իր համային և որակական հատկանիշների շնորհիվ։ Մեղվաբուծությունը, որպես գյուղատնտեսության կարևոր ճյուղ, ներառում է տնտեսական, բնապահպանական և սոցիալ-մշակութային մեծ ներուժ։ Սակայն ոլորտը կանգնած է մի շարք մարտահրավերների առջև՝ մասնագիտական գիտելիքի պակաս, տեխնոլոգիական հնացած մոտեցումներ, տեխնիկական հագեցվածության բացակայություն, օրինակելի տնտեսությունների սահմանափակ քանակ, կլիմայական փոփոխություններ, թունաքիմիկատների ազդեցություն, հիվանդությունների տարածում, ինչպես նաև մեղրի և մեղվամթերքի փորձաքննության, վերամշակման, պատշաճ փաթեթավորման ու բրենդավորման խնդիրներ։
Այս բոլոր գործոնները խոչընդոտում են ոլորտի լիարժեք և մրցունակ զարգացմանը։ «Քաղցր գյուղ» նախագիծն աջակցում է մեղվաբուծական տնային տնտեսություններին, վերազինում անհրաժեշտ սարքավորումներով, տրամադրում մասնագիտական ու տեխնիկական խորհրդատվություն, ինչպես նաև կազմակերպում վերապատրաստման դասընթացներ։
Ծրագրի պիլոտային փուլի համար ընտրվել է Վայոց ձորի մարզի Աղնջաձոր բնակավայրը՝ շնորհիվ իր բարենպաստ բնակլիմայական պայմանների, բազմածաղիկ բուսականության, ճանապարհային հասանելիության, զբոսաշրջային ներուժի, տեղում առկա մեղվաբուծական տնտեսությունների, ենթամշակույթի և համայնքի բարձր հետաքրքրվածության արդյունքում։ Նախագծի ընտրության փուլում դիտարկվել ու մշակվել են բնակավայրի ընտրության չափանիշներ, իրականացվել են մոնիտորինգային այցեր։
Կարդացեք նաև
Օրինակելի մեղվաբուծական տնտեսությունները կծառայեն որպես կրթական և ցուցադրական հարթակներ, որտեղ այցելուները կկարողանան համտեսել մաքուր ու բնական մեղր և ծանոթանալ մեղվաբուծական գործընթացին։
«Քաղցր գյուղ» նախագիծը համաֆինանսավորման մոդել է, որը նպատակ ունի զարգացնել համայնքի սոցիալ–տնտեսական կայունացումը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, խթանելով մեղվամթերքի արտադրությունն ու իրացումը, ինչպես նաև զարգացնելով գյուղի զբոսաշրջային ներուժը։ Առաջիկայում ծրագիրը կնպաստի 10 տնտեսության վերազինմանը, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ կձևավորի համագործակցային համայնք, որը կդառնա օրինակ այլ գյուղերի համար։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր