Լրահոս
Մեկ բրոնզե մեդալ
Օրվա լրահոսը

«Մեր տնտեսության լոգիստիկայի մի մասը կապված է Իրանից մատակարարումների հետ, ապրանքները կարող են թանկանալ». Վահե Հովհաննիսյան

Հունիս 16,2025 13:38

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, թե արդեն կա՞ն հաշվարկներ՝ իսրայելա-իրանական հակամարտությունն ինչպե՞ս կազդի Հայաստանի տնտեսության վրա։ Նախարարի խոսքով՝ արդեն կան դատողություններ։

«Մեր բյուջետային փաստաթղթում մենք ռիսկային սցենար էլ ենք դիտարկում։ Մենք հենց այդ փաստաթղթի մեջ տարբեր սցենարներ ենք ներկայացնում։ Այդ ռիսկային սցենարների ազդեցությունը նույնպես գնահատում ենք, ցուցանիշներն էլ դնում ենք։ Օրինակ՝ եթե չեմ սխալվում, ռիսկային սցենարներից մեկի դեպքում տնտեսական աճը 5.1-ի փոխարեն կարող է լինել 1.30 տոկոս։ Ինչ վերաբերում է Իրանի եւ Իսրայելի միջեւ սրացմանը, էլի կան երեւույթներ, որոնք բացասաբար կարող են ազդել մեզ վրա, կան երեւույթներ, որոնք կարող են դրական ազդել մեզ վրա։ Եվ շատ բան կախված է սրացման աստիճանից ու դրա տեւողությունից։ Ես ուզում եմ ուղղակի հիշեցնել, որ երբ ռուս-ուկրաինական պատերազմը սկսվեց 2022 թվականին, մենք, ելնելով 2014 թվականի մեր փորձից, միանգամից սկսեցինք նայել վատթարացված սցենարներ։ Բայց իրական կյանքը բարեբախտաբար եղավ մի փոքր այլ, ու մենք ունեցանք ավելի դրական զարգացումներ։ Հիմա էլ մենք չենք շտապում եզրակացություններ անել։ Մեր անելիքները մնում են նույնը»,- ասաց նա։

Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ բացասական ազդեցությունն է, որ այս իրավիճակը կարող է ազդել մեր մատակարարումների վրա, որովհետեւ մեր տնտեսության լոգիստիկայի մի մասը նաեւ կապված է Իրանից մատակարարումների հետ։ Դա կարող է խաթարվել, ապրանքները կարող են թանկանալ, մատակարարումների ժամկետը՝ երկարացվել։ «Էլ չեմ ասում, եթե իրավիճակն այնպես դրվի, որ միջազգային ներդրողները Հայաստանը նույնպես համարեն ռիսկային միջավայր՝ ներդրումներ ներգրավելու, դա կարող է ազդել տոկոսադրույքի վրա։ Այսինքն՝ բազմաթիվ են գործոնները, որոնք կարող են ազդել, սակայն մենք պետք է հետեւենք զարգացումներին եւ հընթացս հասկանալ, թե ինչ կարող ենք անել, եթե կարող ենք անել որոշ բանկեր, որոնք կմեղմեն այդ ազդեցությունները»,- հավելեց նախարարը։

Հարցին, որ էկոնոմիկայի նախարարն ասել է, որ արդեն կան խնդիրներ, կառավարությունն արտակարգ քննարկումներ անցկացնելո՞ւ է, Վահե Հովհաննիսյանը պատասխանեց, որ նման քննարկումները սովորաբար քննարկվում են Անվտանգության խորհրդի նիստում։ «Այս պահի դրությամբ ես նման քննարկումների չեմ մասնակցել»,- հավելեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30