«Արթուն ենք» քաղաքացիական շարժման անդամ Նարեկ Մալյանն այսօր ԱԺ-ում լրատվամիջոցների ուղեկցությամբ հանդիպեց Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին մեկնարկ տված «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ:
Նարեկ Մալյանը նախ շնորհակալություն հայտնեց, որ վերջին չորս տարիների ընթացքում «սայլը վերջապես շարժվեց», հատուկ շնորհակալություն հայտնեց վարչապետի թեկնածուի ընտրության համար: «Դավիթ Համբարձումյանին ես շատ երկար ժամանակ ճանաչում եմ: Նրա լեգենդար սկզբունքայնության մասին տեղյակ եմ իր գործերից: Դրա համար, կարծում եմ, ձեր կուսակցությունը այդ առումով փայլուն ընտրություն է արել, ինչի համար անկեղծ ուրախ եւ երջանիկ եմ:
Պարոն Մամիջանյան, մի խնդրանքով եմ եկել ձեր մոտ: Պետք է խնդրեմ՝ ձեւաթուղթը տաք ինձ, որովհետեւ մեր ընդդիմադիր պատգամավորներից՝ ձեր գործընկերներից առնվազն երեք հոգի հայտարարել են, որ պատրաստ են ստորագրել այդ ձեւաթղթի տակ, միանալ Նիկոլ Փաշինյանի անվստահության գործընթացին: Երեւի տեխնիկական խնդիր կա: Չեմ խորանում դրա մեջ: Այդ խնդիրը համարենք դիսկոմունիկացիոն: Հիմա ես եկել եմ, որ այդ ձեւաթուղթը վերցնեմ, ստորագրել տամ»,- ասաց Նարեկ Մալյանը:
Կարդացեք նաև
Հայկ Մամիջանյանը նրան եւ ուղիղ եթերում հանդիպմանը հետեւող քաղաքացիներին ցույց տվեց ձեւաթուղթը եւ ասաց. «Ձեւաթուղթը այս տեսքն ունի: Նախագիծ պիտի լինի պատրաստված: Սա առաջին էջն է: Այսպես է հանձնվում ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանին: Թեկնածուի անունով: Հղումով կանոնակարգ օրենքին եւ այլն: Սա երկրորդ էջն է, հիմնավորումը: Ես նկատեցի, որ եղան ինչ-որ պատվիրված գրառումներ, թե ինչի եք որպես հիմնավորում բերել միայն կառավարության ծրագրի կատարողականը: Պարզ է չէ՞, որ էջեր կարող էինք գրել՝ Արցախի հանձնումից մինչեւ ամենավերջինը: Ուղղակի, ամենաընդգրկուն իրավական ձեւակերպումը կառավարության ծրագրի կատարողականն է, որովհետեւ կառավարության ծրագրում կա եւ Արցախը: Դեհ, տղան Հադրութն ու Շուշին դեօկուպացնում էր, Մադրիդյան սկզբունքներ էր ուզում՝ «անջատում հանուն փրկության» եւ այլն:
Երրորդ էջը օրենքի պահանջն է, դիմումն է իր փաստաթղթերով: Սա էլ՝ բաղձալի ստորագրությունների էջը: Վեց ստորագրություն»,- ասաց Հայկ Մամիջանյանը եւ որպես իր «օպտիմիզմի աստիճան» ցույց տվեց ստորագրությունների համար նախատեսված դեռեւս դատարկ էջերը, որոնք ավարտում են 107-րդ տողով:
Նարեկ Մալյանը վստահություն հայտնեց, որ դա լինելու է իրականություն: Նույն ակնկալիքն ունի նաեւ պատգամավորը՝ նշելով. «Ես վստահ եմ, որ մեր բոլորի աշխատանքով դա լրիվ հասանելի նպատակ է»:
Հայկ Մամիջանյանը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագծի փաստաթղթերի ամբողջ փաթեթը փոխանցեց Նարեկ Մալյանին՝ հավելելով. «Մեր ֆրակցիայի փորձագետները կլինեն ձեր հետ»:
«Մենք այս փաթեթով քիչ անց կգնանք երեք պատգամավորների՝ Աղվան Վարդանյանի, Ագնեսա Խամոյանի եւ Արթուր Խաչատրյանի մոտ, որոնք ընդդիմադիր պատգամավորներ են, 2021 թվականին ձայներ ստացել են Նիկոլ Փաշինյանին հեռացնելու խոստումով, հետեւաբար, կարծում եմ՝ ոչ մի խնդիր չի լինելու, հատկապես, հրապարակային հայտարարել են, որ պատրաստակամ են այս նախաձեռնությանը միանալու»,-հայտարարեց Նարեկ Մալյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ