Դատարանը Ջալալ Հարությունյանի մեղքի ապացուցվածության որեւէ հիմնավորում չի նշել : Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի (Ցորի զորամասի) գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց Հարությունյանի պաշտպանը՝ շարունակելով ներկայացնել վերաքննիչ բողոքը:
-Եթե Ջալալ Հարությունյանը մատից հոտ քաշեր ու ասեր՝ հակառակորդ է, բայց պարզվեր՝ յուրային է, նրան կգնդակահարեին տեղում,- իր բողոքում ընդգծեց Հարությունյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանը՝ անդրադառնալով իր պաշտպանյալի մեղադրանքին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Հարությունյանը համակողմանի չի ուսումնասիրել, չի մշակել իրադրության մասին ստացված տեղեկատվությունը, համապատասխան ծառայությունների սպաների հետ ստացված տեղեկությունը չի քննարկել, իր աշխատանքային քարտեզները չի ուսումնասիրել, բայց առանց հիմնավորման նշել է, թե մոտեցող խմբավորումը յուրային է։ Տեղեկությունը հաղորդվել է «Ցորի» դիվիզիոնի անձնակազմին, իսկ մոտեցող խմբավորումն իրականում եղել է ադրբեջանական ստորաբաժանում։
Կարդացեք նաև
-Նրանք պետք է գործեին՝ ելնելով իրավիճակից: Ասում են՝ Հարությունյանն անպայման էդ բառը պետք է ասեր՝ ելեք իրավիճակից: Այ մարդ, քթի ծակ չունե՞ք, հակառակորդը գալիս է իրենց չադրայով, մորուքով եւ այլն, Հարությունյա՞նը պետք է ասեր՝ ելեք իրավիճակից: Բարձրագույն զինվորական ակադեմիան ավարտած, ամբողջ զորամասի ղեկավար, դու չգիտե՞ս՝ զորք է գալիս, որը քո համար կասկածելի է, վտանգ է ներկայացնում, առավել եւս երբ գալիս է մի տարածություն, որ 100 տոկոսով ես համոզվում, որ հակառակորդ է, ինչ պիտի անես. զորքիդ ասում ես փախի՞: Դրա արդյունքում 19 տարեկան երեխան ընկնում է ավտոյի տակ, մահանում է այդ փախուստի համար: Հենց դրա համար է դիվիզիոնի անձնակազմը ավելի շատ խոցելի դառել հակառակորդի համար, որովհետեւ մեկը աջ է փախել, մեկը՝ ձախ, թուրքն էլ դրած գնդակահարել է,- շարունակեց Հարությունյանի պաշտպանը:
Տուժող կողմի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանն արձագանքեց՝ գործընկերս կեղծիքներ է ուղղակի ներկայացնում:
Նիստը նախագահողը նրան ընդհատեց՝ ասելով, չխանգարի փաստաբանի բողոքը ներկայացնելուն:
Հարությունյանի պաշտպանն էլ շարունակեց. «Խմբավորումը նկատելուց հետո պարտավոր էին շրջանառության տակ վերցնել, հետախուզումը պետք է շարունակվեր, առկա են եղել համապատասխան օպտիկական սարքավորումներ ժամանակին կողմնորոշվելու համար: Հայկ Թովմասյանի արտահայտությունը՝ ով ոնց կարող է դուրս գալ, ինքը չի կարողանում հրաման անել, դա էր պատճառն այդ խուճապային վիճակի: Հայկ Թովմասյանն է մեղավոր այդ խուճապային վիճակի: Տեղանքն էլ է Հայկ Թովմասյանը ընտրել, ինչը նույնպես օրենքի խախտում է»:
Նշենք, որ Հայկ Թովմասյանը ՊԲ բարձր հրամանատարական կազմից է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ