Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա ստորագրո՞ւմ եք, թե՞ չէ: 2021 թվականին դուք իմ նման մարդկանցից եք ձայներ վերցրել, որպեսզի Նիկոլին հանեք». Նարեկ Մալյանի հարցը Աղվան Վարդանյանին

Հունիս 16,2025 15:19

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանից Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի նախագծի ամբողջական փաթեթը ստանալուց հետո «Արթուն ենք» շարժման անդամ Նարեկ Մալյանը լրագրողների ուղեկցությամբ առաջինը այցելեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին:

Մինչեւ Նարեկ Մալյանին լսելը, պատգամավորն ասաց. «Դուք գիտեք, որ ես ձեզ նոր անուններով եմ կնքել: Դուք ինձ համար հիմա «Պարոն անվստահությունն եք», Էդգարը Ղազարյանը՝ «Պարոն իմպիչմենտը»: Հիմա համակ ուշադրություն եմ»:

Նարեկ Մալյանը միանգամից անցավ բուն էությանը: «Ես անձամբ մի խնդրանքով եմ եկել: Ես ձեզ բազմաթիվ անգամ ասել եմ, որ իմ ընդդիմադիր գործունեությունը ես սկսել եմ ձեր ելույթը լսելուց հետո՝ 2018 թվին, դուք որ խոսեցիք ԱԺ դահլիճում: Մինչեւ այդ, իմ մոտ շատ անկումային տրամադրություններ էին, ես մտածում էի, որ ոչ մի պայքար հնարավոր չէ, անիմաստ է: Ինչպես տեղյակ եք, նախաձեռնություն կա՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու: Այդ նախաձեռնության տակ այս պահին կա վեց պատգամավորի ստորագրություն: Թեկնածուն Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանն է: Եվ քանի որ դուք ձեր հրապարակային խոսքում ասել եք, որ պատրաստ եք միանալու, ստորագրելու, ես ենթադրում եմ՝ ինչ-որ տեխնիկական, դիսկոմունիկացիոն հարց է, որովհետեւ ձեր անկեղծ մղումների վրա չեմ համարձակվում կասկածել: Դրա համար որոշեցի՝ գամ, այցելեմ, ձեր ստորագրությունով այստեղից հեռանամ եւ եւս մեկ ստորագրությամբ Նիկոլ Փաշինյանի հեռացմանը մոտենանք»,-ասաց Նարեկ Մալյանը եւ համապատասխան էջը բացելով՝ թղթապանակը դրեց պատգամավորի առջեւ:

Աղվան Վարդանյանը փակելով թղթապանակը՝ ասաց. «Բարով եք եկել պարոն Անվստահություն»: Ես ընդամենը մի քանի օր առաջ հանդիպել եմ «Պատիվ ունեմ» խմբակցության չորս պատգամավորների հետ: Վեց պատգամավորից չորսն էին եկել, ցավոք: Մարտուն Գրիգորյանը եւ Թագուհի Թովմասյանը չէին եկել: Մենք այդ հարցը միասին քննարկել ենք: Իրենք բավարարված հեռացել են: Պարոն Մամիջանյանի հետ այդ հարցը քննարկել ենք եւ պարոն Մամիջանյանը իմ տեղը գիտի: Կարող է այդ ձեւաթուղթը վերցնել: Որովհետեւ ես զարմացա: Ես ձեզ ասում եմ. պարոն Անվստահություն, «Պատիվ ունեմ»-ի մեր գործընկերների հետ մենք բազմաթիվ հարցերում համակարծիք ենք: Տարօրինակ է, որ ձեր հարցում տարբեր են կարծիքները: Կվերադարձնեք պարոն Մամիջանյանին: Այդ հարցը ձեր հետ չեմ քննարկում: Փոխանցեք պարոն Մամիջանյանին, ասեք, որ պարոն Վարդանյանը տեղում է: Եթե հարցեր են մնացել, կարող է բարձրանալ՝ շարունակենք քննարկել»,-ասաց Աղվան Վարդանյանը:

Հորդորելով այս պահին անձնական բնութագրումներից հեռու մնալ՝ Նարեկ Մալյանը պատգամավոր Վարդանյանին հստակ հարցրեց. «Հստակ ասեք, հիմա ստորագրո՞ւմ եք, թե՞ չէ: 2021 թվականին դուք իմ նման մարդկանցից եք ձայներ վերցրել, որպեսզի Նիկոլին հանեք: Ես էլ ձեզ հավատացել եմ»:

Պատգամավորը արձագանքեց բավականին կոշտ. «Ձեր լայվերը հիմա մենք կավարտենք: Ձեր լայվերը կշարունակեք առանձին, լրագրողների հետ, իմ սենյակից դուրս: Եվ վերջինը: Ովքեր գալիս են իմ սենյակ, անպայման ես խնդրում եմ, պարտադրում եմ, որ խոնարհվեն մեծերի առաջ եւ նոր միայն հեռանան»,-ասաց Աղվան Վարդանյանը՝ գլխով ցույց տալով իր աշխատասենյակի պատերից մեկը: Նարեկ Մալյանը պատասխանեց, որ եթե կստորագրի, ինքը պատրաստ է երեք անգամ էլ խոնարհվել: Իսկ պատգամավորի դիտարկմանը, թե խոնարհվելու է մեր մեծերի առաջ, ասաց. «Ես մեր մեծերի առաջ ամոթով եմ հիմա, որովհետեւ մեր երկրի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է ու մենք ստորագրությունների պակաս ունենք ձեր նման ազնիվ մարդուց: Ցավում եմ, որ չստորագրեցիք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. «Արթուն ենք» շարժման գործիչ Էդգար Ղազարյանն այս հանդիպման առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է. «ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, ով նախկինում, Հայաստանի հանրապետական կուսակցության հետ կոալիցիոն համագործակցության շրջանակներում, երկար տարիներ զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, պատիվ չի համարել ՀՀ քաղաքացու հետ քննարկել իր, որպես հանրային ծառայողի, պարտականությունների կատարման կամ, ավելի շուտ, թերանալուն առնչվող հարցերը։ Նա նաև անպատասխան է թողել 2025 թվականի ապրիլի 28-ին իրեն հասցեագրված իմ գրությունը` խախտելով քաղաքացիների նամակների, բողոքների և առաջարկությունների օրենքի պահանջները։

Փաստորեն, բացի դրանից, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցում Աղվան Վարդանյանի դիրքորոշումներն ամբողջությամբ համընկնում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից շատերի դիրքորոշման հետ, գրեթե նույնանման է նաև նրանց վերաբերմունքը ՀՀ քաղաքացիների նկատմամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30