Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, մասնավորապես Իսրայելի և Իրանի միջև տեղի ունեցող վերջին զարգացումները։
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հայտարարության համաձայն՝ զրույցի ընթացքում Էրդողանը հայտնել է, որ գոհունակությամբ է ընդունում նախագահ Թրամփի վերջին հայտարարությունները, որոնք միտված են Իսրայելի և Իրանի միջև բախումների դադարեցմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։
Նա շեշտել է, որ անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել՝ կանխելու մի աղետ, որը կարող է ողջ տարածաշրջանը կրակի մեջ առնել։
Էրդողանը նշել է, որ միջուկային վեճի կարգավորման միակ ուղին դիվանագիտական ճանապարհն է, և Թուրքիան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։
Կարդացեք նաև
Էրդողանը նաև ընդգծել է, որ Իրանի նկատմամբ Իսրայելի հարձակումներով սկսված բռնության շղթան/ պարույրը երկու կողմերի համար էլ առաջ է բերում անդառնալի տնտեսական ու քաղաքացիական վնասներ, և որ այս վտանգավոր զարգացումները պետք է անհապաղ կասեցվեն։