«Մեր մոտեցումն այն է՝ լինի փողոցային շարժման, համաժողովրդական ընդվզման միջոցով, հերթական կամ արտահերթ ընտրությունների միջոցով, այս իշխանություններից պետք է ազատվել»,- հարցին՝ ի՞նչ ձևաչափով եք մասնակցելու 2026-ի ընտրություններին, ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Ըստ նրա՝ մինչ ընտրությունները բազմաթիվ դեպքեր և իրադարձություններ են տեղի ունենալու․ «Հետևաբար մենք պետք է պատրաստվենք ցանկացած սցենարի, այդ թվում՝ փողոցային պայքարի։ Երբ կգա ընտրությունների ժամանակը, ու դրանք տեղի կունենան, այն ժամանակ կքննարկենք այդ ընտրությունների մասնակցության ձևաչափը՝ ինչ օրակարգով, մոտեցումներով և ձևաչափով։ Կարևոր հարց է նաև այն, որ եթե մնան այս իշխանությունները՝ հարց է առաջանալու, թե այդ ընտրություններն ինչ սահմաններում են տեղի ունենալու, քանի որ աշուն-գարուն ՀՀ-ից ինչ որ կտորներ հանձնում են այս իշխանությունները»։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացն ի՞նչ զարգացումներ է ստացել, մասնավորապես հարցին՝ «Հայաստան» խմբակցությունն ինչո՞ւ չի զետեղել իր ստորագրությունները «Պատիվ ունեմ»-ի ստորագրությունների ներքո, այլ առանձին, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Շատերը չեն հասկանում՝ ինչ է կատարվում։ Երբ իմպիչմենտը նախաձեռնողները դիմեցին մեզ իմպիչմենտ սկսելու համար, հայտարարեցինք, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու բոլոր հիմքերը կան, բայց մենք իմպիչմենտի գործընթաց այս պահին չենք սկսում, քանի որ դրա համար բավարար ստորագրություններ չունենք։ Ասացինք՝ եթե կլինի ուժ ու թեկնածու և կստանձնի այդ գործը, մենք պատրաստ ենք ստորագրել։ Մեկ շաբաթ առաջ եղավ «Պատիվ ունեմ»-ի հայտարարությունը, որ մենք առաջադրում ենք թեկնածու և ստանձնում քաղաքական պատասխանատվություն այս գործընթացի համար։
Մենք տրամաբանորեն ենթադրում էինք, որ եթե արդեն «Պատիվ ունեմ»-ը, ՀՀԿ-ն մտնում են այս գործընթացի մեջ և ստանձնում այս պատասխանատվությունը առնվազն գործընթացը սկսելու համար, ուրեմն բավարար ութ ստորագրություն ունեն։ Հայտարարեցինք, որ պատրաստ ենք պակասող 28 ստորագրությունները տրամադրել և հրավիրում ենք քննարկման։ Քննարկման արդյունքում պաշտոնական բանակցություններում փորձեցինք ընկերական՝ ամեն օրվա մեր գործընկերներն են, հինգ տարի միասին ենք եղել, պարզ հարցադրումներ անել՝ արդյոք պակասող երկու ստորագրությունները կա՞ն, ասացին, որ այս պահին դեռ չունենք, բայց եթե ունենանք էլ, այժմ չենք պլանավորում բերել խորհրդարանի օրակարգ, քանի որ 54 ստորագրություն ունենալու դեպքում խորհրդարան կմտնենք։
Կարդացեք նաև
Ասել եմ երկու հարց` փողոցային գործընթաց լինելո՞ւ է, ի՞նչ ծրագիր կա։ Ասել են՝ լինելու է։ Ասել ենք՝ ե՞րբ ենք անում և հստակ ասել՝ փողոցային պայքարի և իմպիչմենտի գործընթացների բոլոր աշխատանքներում պատրաստ ենք ներգրավվել։ Կոնկրետություն չի եղել։ Ասել ենք, որ 27 ստորագրությունները պատրաստ են ձեր ներկայացրած թեկնածուին առաջադրելու համար, դուք կարող եք բանակցային ցանկացած գործընթացի ժամանակ հղում կատարել մեզ և հայտարարել, որ «Հայաստան» խմբակցության ստորագրությունները կան։ Ասել եմ՝ այդ ստորագրությունը պատրաստ է, բայց հրապարակման կարիք չկա, հաճախ խոսքն ավելի արժեք ունի, քան հրապարակային թղթերը։
Զարմանալի էր՝ մեր խոսակցության ընթացքում իմ ընկեր Հայկն իրենց վեց ստորագրությունը դրել էր իրենց էջում, և իմ հայտարարությունից հետո գնաց խոսակցություն, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները ոչ բոլորն են համաձայն իմպիչմենտի գործընթացին, որովհետև որոշները կաշկանդված են ինչ-որ քրեական գործերով։ Չնայած խորհրդակցել էինք մեր պատգամավորների հետ, ունեինք համաձայնությունը, բայց դրանից հետո մեկ ժամվա մեջ մեր պատգամավորներին հրավիրել ենք, ստորագրել ենք, բոլորին ասել ենք, որ Դավիթ Համբարձումյանով անվստահություն հայտնելու համար եք ստորագրում և հրապարակել ենք, որ այդ խոսակցությունները ևս փակենք»։
Իշխան Սաղաթելյանը վրդովվեց․ «Իմպիչմենտը նախաձեռնողներից որոշները չափը կորցրել են։ Օրինակ՝ մեկն ասում է, որ Իշխան Սաղաթելյանը հրապարակել է այդ ստորագրությունները, համեմատություն է անում, ինչի՞ Դիմադրության շարժման ժամանակ մենք մեր ընտանիքի անդամների ստորագրությունները կամ ֆոտոները չէինք հրապարակում և այլն։ Կոնկրետ հարցադրումներ կան․ այս ասածների պատասխանն ումի՞ց ենք ուզելու, արդյոք մեր գործընկերներն այս մակարդակով ու ձևո՞վ են խոսում մեզ հետ՝ շանտաժի լեզվով, արդյոք այս մթնոլորտով ու այս իրավիճակո՞վ ենք ուզում՝ այս գործընթացը հաջողի։
Իսկ ի՞նչն է խանգարում, որ հրապարակային հայտարարությունը հիմք ընդունենք ու անցնենք առաջ։ Ի՞նչն է խանգարում, որ երբ խորհրդարան մուտք անելուց կլինեք, այդ ստորագրությունները կան, հարցեր են, չէ՞ առաջանում։ Քաղաքական ուժը, երբ հրապարակային հայտարարություն է անում, դրանից այն կողմ հիմք չկա։ Այս մարդիկ հայտարարել են՝ ինչո՞ւ չեք գնում չորս անկախ պատգամավորներից, ՔՊ-ականներից ուզում այդ ստորագրությունները։ Եթե թիրախավորումը շարունակվում է ստեղ, ուրեմն այդ նպատակների շուրջ մի շարք հարցեր են առաջանում։ Չվստահելը շատ վատ բան է։ Մենք մեր գործընկերների հետ երբեք շանտաժով, պարտադրանքով կամ վիրավորանքով չենք խոսել, իսկ եթե հասկանանք՝ ինչ որ մարդկանց միջոցով ուզում են այս հարցերի լուծման հասնել, այն ժամանակ արդեն լուրջ կասկածներ են առաջանալու այս գործընթացի իրական արդյունքի հասնելու նպատակի հարցում»։
Լրագրողների դիտարկմանը՝ այս ամենը «տունտունիկի» է նման և հարցին՝ սա չի՞ բխում իշխանությունների շահերից, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Հաշվի առնելով մեր երկրի առաջ կանգնած մարտահրավերները, գոյություն ունեցող խնդիրները՝ սրանց հեռացնելու շուրջ գործնական հետևություններ անելու փոխարեն ընդդիմադիր դաշտի միավորների՝ այս տոնով իրար հետ խոսելը բխում է այսօրվա իշխանության շահերից։ Իմպիչմենտը նախաձեռնողների մեջ մարդիկ կան, որ կառավարությունում նստած մի գլխավոր ֆեյք կա՝ Տարոն Չախոյան, նրան գերազանցել են։ Մի քիչ էլ սենց աշխատեն, այս տղայի գործերն ահագին թեթևանալու են․ էդ հաստիքից կարող է հանեն։ Այս ճանապարհով, այս մակարդակով այս հարցերը լուծել հնարավոր չէ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ