Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի ոլորտում համաձայնագրով նախանշված բարեփոխումների վերաբերյալ ԱԺ-ում հունիսի 16-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ: Քննարկմանը մասնակցել են ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:
«Նման հանդիպումների նպատակը Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման վերաբերյալ ԱԺ-գործադիր հաղորդակցության ամրապնդումն է: Քանի որ Ազգային ժողովը հանրային հաղորդակցության առաջնագծում է, կարեւորում եմ համաձայնագրի եւ, առհասարակ, ԵՄ ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների գործողությունների մասին հանրայնացումը»,- ասել է Մերի Գալստյանը՝ ընդգծելով խնդիրների եւ մարտահրավերների մասին քննարկումների ու հարցերի բարձրաձայնման անհրաժեշտությունը:
Ռուբեն Սարգսյանը եւս կարեւորել եւ արդյունավետ է համարել նման հարթակում գործադիր-օրենսդիր ներկայացուցիչների մասնակցությամբ համատեղ քննարկումները:
Նշվել է, որ ոլորտին վերաբերող ճանապարհային քարտեզը բավականին ծավալուն է: Աշխատանքային պայմանագրերի, աշխատաժամանակի կարգավորում, կոլեկտիվ աշխատանքի իրավունքներ, խտրականության դեմ պայքար, մայրական պաշտպանության եւ խնամքի հարցեր, աշխատավայրում առողջության եւ անվտանգության կարգավորումներ. սրանք են ոլորտին վերաբերող այն ուղղությունները, որոնց շրջանակում ճանապարհային քարտեզով նախանշվել է 42 հիմնական միջոցառում:
Կարդացեք նաև
Նախարարի տեղակալը մանրամասն ներկայացրել է իրականացված աշխատանքներն ու առաջիկայում նախանշված գործողությունները:
Որպես ակնկալվող արդյունք՝ ընդգծվել է աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, աշխատողների իրավական պաշտպանվածության բարձրացումը, սոցիալական երկխոսության մակարդակի բարելավումը, խտրականության դեպքերի նվազումը:
Համակարգային փոփոխությունները ենթադրում են ԵՄ չափանիշներին համապատասխան օրենսդրական դաշտ, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում, մոնիտորինգի գնահատման արդյունավետ մեխանիզմներ: Անդրադառնալով աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրներին եւ խոչընդոտներին՝ Ռուբեն Սարգսյանը մատնանշել է մասնագիտական ռեսուրսի պակասն ու վերապատրաստումը:
Հուլիսի 1-ից մեկնարկելու է թվային աշխատանքային պայմանագրերի համակարգի գործարկման փորձնական ծրագիրը: Մինչեւ 2025 թվականի ավարտը կներդրվեն աշխատանքային վեճերի արտադատական լուծման մեխանիզմի մասին օրենսդրական կարգավորումները, իսկ պիլոտային ծրագիրը կգործի հաջորդ տարվանից:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ճանապարհային քարտեզով նախանշված աշխատանքի եւ զբաղվածության հետ կապված հարցերում հավասար հնարավորությունների, տղամարդկանց եւ կանանց նկատմամբ հավասար վերաբերմունքի սկզբունքը կիրարկելուն, ինչպես նաեւ սկզբունքն ամրագրող իրավակարգավորումների կատարելագործմանը: Տեղեկացվել է, որ համապատասխան օրենսդրությամբ ընդունվել են աշխատանքի եւ զբաղվածության ոլորտում առկա խտրականության բացառման կարգավորումները: Ընդունվել է Գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարությունը:
Աշխատանքային անվտանգության եւ առողջության մասով կարեւորվել է արտադրական պատահարների կրճատումը, մասնագիտական հիվանդությունների կանխարգելումը, աշխատանքային միջավայրի ընդհանուր բարելավումը: Հերիքնազ Տիգրանյանի կարծիքով առկա են չհամակարգված նորմեր եւ անհրաժեշտ է սահմանել ընդհանուր չափանիշներ:
Առաջիկայում կկազմակերպվեն թեմատիկ, ոլորտային քննարկումներ նաեւ Աշխատանքի տեսչության ներկայացուցիչների մասնակցությամբ:
ԱԺ