Tehran Times. Այս գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի՝ մասնավորապես Միջազգային մարդասիրական իրավունքի, Մարդու միջազգային իրավունքների և ՄԱԿ-ի կանոնադրության լուրջ ու միանշանակ խախտում։ Մասնավորապես մի դաժան դեպքի արդյունքում, Իսրայելի հարվածը բնակելի շենքի վրա հանգեցրել է 60 քաղաքացիական անձանց, այդ թվում՝ 35 երեխաների և կանանց սպանությանը։ Զինված գործողությունների նոր ալիքի ընթացքում Իսրայելը սկսել է թիրախավորել նաև ենթակառուցվածքները և արդյունաբերական օբյեկտները։
Հարձակման համար գլխավոր պատրվակ հանդիսացել է Իրանի միջուկային ծրագիրը։ Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) բազմաթիվ ստուգումներով հաստատվել է, որ Իրանի միջուկային օբյեկտներն օգտագործվում են բացառապես խաղաղ նպատակներով և գտնվում են միջազգային ամենալայնածավալ ու խիստ վերահսկողության ներքո։ Իսրայելի ռեժիմի՝ այս պաշտպանված քաղաքացիական միջուկային օբյեկտների թիրախավորումը դիտավորությամբ իրականացված ագրեսիայի ակտ է և միջազգային իրավունքի, ինչպես նաև միջուկային անվտանգության և պաշտպանության իրավական կարգավորման բացահայտ խախտում։
Ինչպես հաստատել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին արտահերթ նիստում, ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր համաժողովի՝ GC(XXIX)/RES/444 և GC(XXXIV)/RES/533 բանաձևերը հստակորեն ամրագրում են, որ խաղաղ նպատակների համար ծառայող միջուկային օբյեկտների վրա որևէ զինված հարձակում խախտում է ՄԱԿ-ի Կանոնադրությունը, ՄԱԳԱՏԷ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները։ Այդ բանաձևերը ընդգծում են նման հարձակումների լրջագույն վտանգները միջուկային անվտանգության տեսանկյունից և նրանց ապակայունացնող ազդեցությունը տարածաշրջանային և միջազգային խաղաղության վրա։
Հարձակման բնույթը կասկածի ոչ մի տեղիք չի թողնում. սա ագրեսիայի ակտ է՝ միջազգային իրավունքի ուղղակի խախտմամբ։ Իրավական սահմանը հստակորեն հատված է։
Կարդացեք նաև
Իսրայելի ռեժիմն ունի ինքնիշխան պետությունների դեմ ուժի ապօրինի կիրառման երկարամյա և փաստագրորեն հաստատված պատմություն։ Քաղաքացիական բնակչության, կենսական ենթակառուցվածքների և պաշտպանված օբյեկտների կրկնվող թիրախավորումը վկայում է ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների հանդեպ համակարգային արհամարհանքի մասին։ Այս վերջին հարձակումը եզակի դեպք չէ․ այն շարունակությունն է ճնշման քաղաքականության, որը բացահայտ անտեսում է միջազգային իրավական կարգը։ Ոչ թե անտեսվում է օրինականությունը, այլ՝ կանխամտածված կերպով կազմաքանդվում է այն։
Իսրայելի ռեժիմի վարքագիծը պետք է դիտարկվի լայն համատեքստում։ Ներկայումս Իսրայելը հանդիսանում է Գազայում ենթադրյալ ցեղասպանության համար Միջազգային դատարանի կողմից քննության սուբյեկտ, իսկ երկրի բարձրագույն ղեկավարությունը, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն, կանգնած է պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների լուրջ մեղադրանքների առաջ, ներառյալ՝ քաղաքացիական բնակչության կանխամտածված թիրախավորումը, սովամահության որպես պատերազմի մեթոդի օգտագործումը և կոլեկտիվ պատժի համակարգային կիրառումը։ Սրանք առանձին դեպքեր չեն, այլ մի շարունակական քաղաքականություն են՝ զինված ճնշման, համակարգային դարձած անպատժելիության և միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների՝ ներառյալ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի՝ հետևողական անտեսման շրջանակում։
Միջազգային համակարգի վստահելիությունը խիստ փորձության ենթարկված այս պահին, իրավական սկզբունքների ընտրովի կիրառումն ու քաղաքական շահով ղեկավարվող որոշումները սպառնում են խարխլել հետևողականության, հաշվետվողականության և օրինականության հիմքերը։
Իսրայելի ռեժիմի ապօրինի և չարդարացված ագրեսիայի դեմ պատասխանելիս, Իրանի Իսլամական Հանրապետությունը օրինապես իրականացրել է ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածով ամրագրված ինքնապաշտպանության ի ծնե տրված իրավունքը։ Այս հիմնարար իրավունքը պետությանը թույլ է տալիս պաշտպանել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը զինված հարձակման ենթարկվելու դեպքում։ Իրանի պատասխանը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի սահմանած չափանիշներին՝ լինելով հաշվենկատ, անհրաժեշտ և համարժեք։
Մասնավորապես, Իրանի պատասխանն ուղղված է եղել բացառապես լեգիտիմ ռազմական թիրախներին՝ հրամանատարական կենտրոններին, ռազմավարական օբյեկտներին և գործողության ենթակառուցվածքներին, որոնք անմիջական կապ են ունեցել Իսրայելի ապօրինի հարձակման հետ։ Բոլոր փուլերում Իրանը խստորեն պահպանել է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը՝ առաջնահերթ կարևորելով քաղաքացիական վնասների նվազեցումը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ այս ագրեսիային վճռական պատասխան չտալը լուրջ բացթողում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման իր հիմնարար առաքելության շրջանակում։ Նախկինում Խորհուրդը արագ և միաձայն արձագանքել է։ 1981 թվականին Իսրայելի կողմից Իրաքի Օսիրակի միջուկային ռեակտորի վրա հարձակմանն ի պատասխան Խորհուրդը ընդունել էր 487 բանաձևը՝ դատապարտելով հարձակումը և վերահաստատելով խաղաղ միջուկային օբյեկտների անձեռնմխելիությունը։ Այդ նախադեպը հստակ արձանագրված է։ Օրենքը ևս հստակ է։ Իսկ այսօր Խորհուրդը պարալիզացված է՝ դրա քննարկումները խեղդվում են քաղաքական ճնշման և հզոր պետությունների փոքր խմբի կողմից տրամադրված պաշտպանիչ վահանի պատճառով։ Այս անգործությունը վտանգում է բազմակողմային համակարգի հիմքերը։
Իրանն ընդգծում է միջազգային հանրության պարտականությունը՝ դատապարտելու այս ագրեսիան և վերահաստատում է իր հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներին։ Ինքնիշխանությունը բանակցության ենթակա չէ։ ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո գտնվող միջուկային օբյեկտները չպետք է թիրախավորվեն։ Զինված ուժը չպետք է դառնա դիվանագիտության փոխարինող։ Իսրայելի ռեժիմը չի կարող բազմակի խախտումներով ու դիտավորյալ սադրանքներով վերաշարադրել միջազգային վարքագծի կանոնները։ Խաղաղության ճանապարհը սկսվում է հաշվետվողականությունից, և միջազգային համակարգը պետք է կարողանա համարձակություն ունենալ այն պահպանելու։