Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը անհրաժեշտ է համարել անդրադառնալ ՀՀ իշխող կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» ֆեյսբուքյան էջում հրապարակված ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի գրառմանը, որը վերաբերում է Արցախի պետական ինստիտուտներին և մեր հայրենակիցներին։
Մտահոգիչ են նշյալ հրապարակման տակ հնչող ատելության խոսքեր, որոնք, մեր գնահատմամբ, պարունակում են հակաօրինական բովանդակություն։
Անշուշտ, յուրաքանչյուր ոք իրավունք ունի արտահայտել իր տեսակետը, անգամ եթե դա իր մեջ ներառում է որոշ տերմիններ, ինչպիսին է «սեպարատիստական կառույցներ»-ը, որին չենք կարող չանդրադառնալ՝ որպես վիրավորական և հասարակության մեջ պառակտում սերմանող երևույթ։ Մեզ համար մտահոգիչ է, որ այդ վերահսկվող էջի մեկնաբանություններում թույլատրվում են արցախցիների դեմ ուղղված ատելության, թշնամանքի, վիրավորանքների և բռնության հորդորների տարածումը։
Արցախցիների նկատմամբ նման վերաբերմունքը մենք չենք կարող հանդուրժել։ Խորհուրդը հետևողականորեն պայքարելու է ատելության խոսքի տարածման դեմ, որը համարում ենք հակասահմանադրական և օրենքի սահմանները խախտող երևույթ։
Կարդացեք նաև
Ապրիլ ամսից ի վեր Խորհուրդը ներկայացրել է մի շարք հաղորդումներ ՀՀ դատախազություն՝ սոցիալական տարբեր ցանցերում տարածվող ատելության խոսքի վերաբերյալ։ Այս պահի դրությամբ մի քանի հաղորդման հիման վրա քրեական գործեր են հարուցվել։
Այս պարագայում ևս դիմելու ենք ՀՀ դատախազությանը և ՀՀ իրավապահ մարմիններին՝ նմանատիպ դեպքերի նկատմամբ անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկելու կոչով։ Իրավապահ մարմինների լռությունն այս պարագայում կարող է դիտարկվել որպես թողտվություն և արդարացում նման երևույթների։
Գրությանը կցված են մի շարք սքրինշոթեր՝ նշված գրառման մեկնաբանություններից, որոնք պետք է ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ