Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով այսօր տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության աշխատակիցը ֆիզիկական ուժ է կիրառել կին լրագրողի նկատմամբ։
«Ոստիկանն իր գործողություններով ոչ միայն խախտել է քաղաքացու՝ մասնավորապես լրագրողի՝ ազատ և անվտանգ աշխատանք իրականացնելու իրավունքը, այլև ցավ է պատճառել նրան՝ հրելով կոպիտ և նվաստացուցիչ ձևով։ Այս դեպքը ցույց է տալիս, թե որքան վտանգավոր կարող է լինել, երբ պետական պաշտոնյան չարաշահում է իր դիրքն ու իշխանությունը՝ բռնություն գործադրելով։ Սա ոչ միայն վնաս է հասցնում կոնկրետ անձին, այլև ձևավորում է սխալ և վտանգավոր նորմեր հասարակության համար։
Պաշտոնյաները պետք է հիշեն՝ պաշտոնը ոչ թե անձնական իշխանություն է, այլ հասարակության վստահության վրա հիմնված պատասխանատվություն։ Մենք ընդգծում ենք, որ տեղի ունեցածը պարզապես կարգապահական խախտում չէ․ սա բռնություն է, որն իրականացվել է պետական պաշտոնատար անձի կողմից։ Բռնությունը կանանց նկատմամբ անընդունելի է՝ հատկապես երբ այն իրականացվում է հենց այն մարմնի կողմից, որը կոչված է պաշտպանելու հանրության անվտանգությունը։
Կոչ ենք անում իրավապահ մարմիններին և հասարակությանը ցուցաբերել բացարձակ զրոյական հանդուրժողականություն կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ։
Կարդացեք նաև
ԸՆԴԴԵՄ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿՈԱԼԻՑԻԱ
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան քասախցիների սոցիալական բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը մեծաթիվ զորք էր կենտրոնացրել Երևան մտնող ճանապարհին։ Բնակիչները տևական ժամանակ է՝ բողոքում են Կառավարության տրանսպորտային բարեփոխումներից, պահանջում են վերականգնել Կոտայքի մարզի Քասախ գյուղը Երևանին կապող մայրաքաղաքային թիվ 59 երթուղու աշխատանքը։ Ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, բացել են փողոցի երթևեկելի գոտին։ Կարմիրբերետավորը 24News-ի լրագրող Մերի Մանուկյանին հարվածել է։ Ոստիկանին ավելի ուշ ազատել են ծառայությունից։