Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ ասաց՝ «Ադրբեջանը չի համարձակվի»

Հունիս 17,2025 10:00

Այն պահից, երբ ՆԱՏՕ-ի օդուժը 1999 թվականի հունիսին, առանց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան որոշման, ռմբակոծում էր Հարավսլավիան, անձամբ ինձ համար պարզ դարձավ, որ պատերազմները զսպելու որեւէ իրավական մեխանիզմ գոյություն չունի: Մինչ այդ՝ 1945-ից հետո, էլի եղել են արյունալի պատերազմներ՝ Վիետնամում, Աֆղանստանում, Աֆրիկայում, Միջին Արեւելքում, բայց երկբեւեռ աշխարհի պայմաններում, որոշակի հույսեր կային, որ միջազգային ջանքերը կարող են այդ պատերազմը կանգնեցնել: 21-րդ դարում այդպիսի հույսեր չկան, եւ պատերազմող կողմերին խաղաղություն պարտադրողներ ու այդ խաղաղությունը երաշխավորողներ նույնպես գոյություն չունեն:

Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ ընտրվելուց առաջ խոստանում էր, որ մի օրում (այնուհետեւ՝ մի ամսում, երեք ամսում) կանգնեցնելու է ռուս-ուկրաինական պատերազմը: Կանգնեցրե՞ց: Ոչ՝ պարզվեց դա իր ուժերից վեր է: Նա լծակներ չունի Պուտինի վրա՝ պատժամիջոցները, եթե նույնիսկ կիրառվեն, լուրջ ազդեցություն չեն ունենա:

Իսրայել-Իրան պատերազմում ԱՄՆ-ը Իսրայելի դաշնակիցն է. եթե ոչ ռազմական, ապա քաղաքական առումով Թրամփն աջակցում է Թել-Ավիվին: Նրա նպատակը ոչ այնքան Իրանի «միջուկային ծրագիրը կանխելն» է (դա միայն պատրվակ է), որքան այդ երկրում իշխանափոխությունը՝ այնպիսի մի ռեժիմի հաստատումը, որն առնվազն որպես խնդիր չի հռչակի Իսրայել պետության ոչնչացումը: Դա արդարացնո՞ւմ է Իսրայելի ագրեսիան Իրանի դեմ: Իմ կարծիքով՝ ոչ: Թրամփի կարծիքով՝ այո: Բայց եթե ԱՄՆ նախագահը անգամ շատ ցանկանար կանգնեցնել պատերազմը, նա չի կարողանա դա անել: Առավել եւս՝ դա ի վիճակի չէ անել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, եթե նույնիսկ միաձայն ինչ-որ բանաձեւ ընդունի:

Դրա համար, երբ ասում են, թե ինչ-որ երկիր «չի համարձակվի» հարձակվել հարեւան երկրի վրա, որ մեկ այլ երկիր «դա թույլ չի տա», որ «միջազգային հանրությունն այդ քայլը կդատապարտի», դա պարզապես ծիծաղելի է: Կոնկրետ մեր տարածաշրջանի դեպքում՝ Իրանի անխուսափելի թուլացումից հետո Ադրբեջանի համար ընդհանրապես որեւէ զսպիչ ուժ չի լինի՝ Հայաստանի դեմ ագրեսիայի երկրորդ փուլը սկսելու:

Հայաստանի իշխանությունը պետք է առաջնահերթ զբաղվի այդ նոր ագրեսիային համարժեք պատասխաններ տալու նախապատրաստությամբ: Բայց մեր իշխող վերնախավն ավելի կարեւոր առաջնահերթություն ունի՝ հոգեւոր խավի անկողինը:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30