Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցու պահվածքը, երբ այն հանդես է գալիս որոշ հարցերի վերաբերյալ կարծիքով, չի նշանակում կուսակցականություն, չի նշանակում ուղղակի մասնակցություն այդ տեսանկյունից քաղաքական գործընթացներին. «Փաստ»

Հունիս 17,2025 09:30

Եկեղեցու ու քաղաքականության սահմանազատման մասին տարակարծությունները շատ ավելի բարդ են, քան թվում են առաջին հայացքից։ Երբ ասում են, թե Եկեղեցին «չպետք է խառնվի քաղաքականությանը», հաճախ չգիտեն կամ ցույց են տալիս, թե չգիտեն մի կարևոր հարցի պատասխան՝ իսկ ի՞նչ է ենթադրվում «քաղաքականություն» ասելով։ Եթե դրա տակ նկատի ունեն կուսակցական պայքար, քարոզչություն, մանդատների ձգտում և իշխանության ձևավորման գործընթացում ուղղակի ներգրավվածություն, ապա, այո, Եկեղեցին այդպիսի քաղաքականությամբ չպետք է զբաղվի։ Եկեղեցականները կարող են՝ թողնելով իրենց եկեղեցական կարգավիճակը: Սակայն երբ խոսքը հանրային օրակարգի, ազգային անվտանգության, պետություն-հասարակություն հարաբերությունների կամ արժեքային ճգնաժամերի մասին է, ապա այստեղ Եկեղեցու ձայնը ոչ միայն անհրաժեշտություն է, այլև պահի հրամայական։

Հայոց եկեղեցին երբեք զուտ պաշտամունքի կառույց չի եղել։ Այն եղել է ինստիտուցիոնալ դիմադրության և հայ ժողովրդի ինքնության պահպանման հենասյուն։ Պատմականորեն, հատկապես պետականության բացակայության պայմաններում Եկեղեցին է եղել հայ ժողովրդի քաղաքական ու մշակութային կայունության առանցքը՝ հանդես գալով ոչ միայն որպես հոգևոր կառույց, այլև որպես հանրային կյանքի մոդերատոր։ Այս իմաստով դարեր շարունակ Եկեղեցին միայն աղոթքի վայր չէր, այլ նաև խորհրդակցությունների, որոշումների կայացման, ազգային հավաքականության ձևավորման կենտրոն։ Սա պատմական փաստ է, ոչ թե մեկնաբանություն։ Եվ այդ պատմական դերի ժառանգությունն այսօր եկեղեցին չի կարող չկրել և չհնչեցնել դիրքորոշում այնպիսի հարցերի շուրջ, որոնք վտանգ են ներկայացնում հայկական ինքնության, ազգային արժեքների և պետականության հիմքերի համար։

Եկեղեցու պահվածքը, երբ այն հանդես է գալիս որոշ հարցերի վերաբերյալ կարծիքով, չի նշանակում կուսակցականություն, չի նշանակում ուղղակի մասնակցություն այդ տեսանկյունից քաղաքական գործընթացներին։ Եկեղեցին հանդես է գալիս ոչ թե որպես կուսակցություն, այլ որպես ազգային-հոգևոր ինստիտուտ, որի առաքելությունն է առաջնորդել մարդկանց բարոյականության, արժեքների, հոգևոր ու ազգային ինքնագիտակցության դաշտում։ Երբ պետության առջև ծառանում են մարտահրավերներ, որոնք վտանգում են ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը, ազգային ու հոգևոր արժեհամակարգը, ապա Եկեղեցին ուղղակի պարտավոր է արձագանքել։

Թե՛ Եկեղեցու հետ կապված, թե՛ ընդհանրապես նման գործընթացներում քաղաքականություն հասկացության նեղ, մանիպուլյատիվ մեկնաբանությունը բավական վտանգավոր է և ուղղված է ազատ խոսքի արտահայտման դեմ, օգտագործվում է որպես զենք հանրային ազդեցություն ունեցող բոլոր այն ուժերի դեմ, որոնք ունեն ինքնուրույն ձայն, թեկուզ և չեն պատկանում այս կամ այն կուսակցությանը։ Այսինքն, կոնկրետ այս պարագայում, երբ մեղադրում են, թե «Եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում», իրականում ուզում են ասել, թե «Եկեղեցին չպետք է խոսի»։ Իսկ դա ինքնին նշանակում է հանրային դաշտը, քաղաքական դաշտը զրկել այլընտրանքային կարծիքներից ու հոգևոր օրակարգից բխող դիրքորոշումներից:

Եկեղեցին ուղղակի պարտավոր է արտահայտել իր դիրքորոշումը ոչ թե որպես կուսակցություն, այլ որպես ազգային մտքի, պատմական հիշողության ու հոգևոր ժառանգության մարմնացում։ Այս իմաստով Եկեղեցու ձայնը քաղաքական դաշտում ոչ միայն վտանգ չէ, այլև անհրաժեշտություն է։

Արսեն  ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30