Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլական ռեժիմի վերաբերմունքը կարծես անբարեխիղճ վարձակալի վարք լինի, որը որոշել է վարձը չտալով փախչել, բայց մինչ այդ փչացնում է գույքը. Կարեն Վրթանեսյան. «Հրապարակ»

Հունիս 17,2025 10:27

Փաշինյանը ոչ մի քայլ չի արել՝ Հայաստանի դաշնակիցների ու բարեկամ երկրների հետ իրավիճակը քննարկելու, երկրի անվտանգությանը սպառնացող զարգացումների՝ թուրք-ադրբեջանական ռազմական ներթափանցման սցենարի դեպքում աջակցություն ակնկալելու ուղղությամբ:

ՔՊ-ական իշխանության՝ իրավիճակին անհաղորդ ու անդարդուցավ կեցվածքը ո՛չ առաջին, ո՛չ էլ, ցավոք, վերջին դեպքն է համարում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը: «Եզակի դեպք չէ, որ ՀՀ ներկայիս իշխանություններն արհամարհում են Հայաստանի անվտանգային խնդիրները, էլ չասած, որ հաճախ հենց իրենք են այդպիսի խնդիրներ ու ճգնաժամեր ստեղծում։ Նույնկերպ անտարբեր են այս օրերին Ապարանում, Շիրակում եւ հյուսիսի այլ մարզերում բնական աղետների հանդեպ, թեպետ չէի զարմանա, եթե Թուրքիայում լիներ նման աղետ, միանգամից օգնություն ուղարկեին։ Եվս մեկ օրինակ, երբ ՀՀ-ում իշխանության ղեկը գրկած ուժը չի կատարում իր ուղիղ պարտականությունները. արդեն ամսից ավելի է՝ Վրաստանը թույլ չի տալիս հայկական ալկոհոլ արտահանել Ռուսաստան, եւ ՀՀ իշխանություններից որեւէ բացատրություն, որեւէ ադեկվատ արձագանք չկա»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում արձանագրում է Կարեն Վրթանեսյանը։

Իրանի ապակայունացումը, մեր զրուցակցի խոսքով, աղետալի հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի համար՝ սկսած փախստականների ներհոսքից, վերջացրած Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսմամբ։ «Չմոռանանք նաեւ, որ Իրանը Հայաստանին արտաքին աշխարհի հետ կապող 2 բաց ճանապարհներից մեկն է։ Առանձին թեմա է նաեւ իրանահայությանն աջակցելու հարցը. լուրեր կան, որ արդեն տուժել է համայնքին պատկանող գույք, եւ ո՞վ գիտի, թե էլ ինչ փորձություններ են սպասվում։ Այնուամենայնիվ, նիկոլական ռեժիմը գերադասում է չնկատել այդ ամենը։ Ընդհանրապես, նիկոլական ռեժիմի վերաբերմունքը Հայաստանին կարծես անբարեխիղճ վարձակալի վարք լինի, որն արդեն որոշել է տան վարձը չտալով փախչել, բայց մինչ փախուստն էլ առավելագույնս փչացնում է վարձակալած գույքը»,- պատկերավոր օրինակ է բերում ռազմական փորձագետը։
Նորմալ հայկական իշխանությունները, Կարեն Վրթանեսյանի խոսքով, առնվազն դեռ ռուս-ուկրաինական պատերազմի առաջին իսկ օրերից կմշակեին ու կգործարկեին պարենի՝ մի քանի տարվա պաշարներ ստեղծելու ծրագիր, զուգահեռ՝ գյուղատնտեսության ոլորտին զարկ կտային։ «Երկրորդը՝ բանակի վերազինում եւ իրական բարեփոխումների ծրագիր՝ հաշվի առնելով ե՛ւ 44-օրյա պատերազմի, ե՛ւ արդեն Ուկրաինայում ռազմական գործողությունների փորձը։ Նշեմ, որ վերջին 3 տարին հիմնովին փոխել են ռազմական գործողությունների տրամաբանությունը։ Այս ամենը Հայաստանում հաշվի չի առնվում, մեծ հաշվով, 2020-ից ի վեր, Նիկոլ Փաշինյանը զբաղվել է բանակը կազմաքանդելով։ Արցախը հանձնելն էլ կտրուկ վատթարացրել է ՀՀ վիճակը թե՛ ռազմական անվտանգության առումով, թե՛ պարենային, ջրային եւ էներգետիկ անվտանգության տեսակետից»,- ասում է Կարեն Վրթանեսյանն ու հարցնում՝ Իրանի ապակայունացման դեպքում ո՞ր ճանապարհով են Հնդկաստանից սպառազինության այդքան գովազդված գնումների համար զինամթերք ու պահեստամասեր ներկրելու։

Երրորդ կարեւոր խնդիրը, ինչպես շեշտում է Վրթանեսյանը, քաղաքացիական պաշտպանության հարցն է՝ 44-օրյա պատերազմի օրերից ի վեր շենքերի մուտքերի մոտ փակցվում են թռուցիկներ, որոնց վրա պետք է գրված լինեն ռմբապաստարանների հասցեները, բայց դրանց մեծ մասի վրա մոտակա ռմբապաստարանի հասցեի դաշտը դատարկ է թողնված։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30