Բոլոր հնարավոր վատագույն սցենարներին պատրաստ լինելը ցանկացած պետության առաջնահերթ խնդիրներից է։ Ներկա ժամանակաշրջանը առավել հստակ է դա ապացուցում: Ու առաջին հերթին դա վերաբերում է արտակարգ իրավիճակներին։ Ընդ որում, խոսքը ոչ միայն հակամարտությունների կամ պատերազմների վտանգների մասին է, այլև եղանակային անոմալիաների ու տարերային աղետների, որոնք կլիմայի փոփոխության և գլոբալ տաքացման համատեքստում ավելի հաճախակի են դարձել։
Սակայն չափազանց մտահոգիչ է, որ Հայաստանը շատ դանդաղ կամ ընդհանրապես չի արձագանքում նման սպառնալիքներին։ Չկան նախապատրաստական աշխատանքներ։ Ինչ ծավալի փորձանք էլ գալիս է, գրեթե միշտ անպատրաստ ենք դուրս գալիս։ Օրինակ՝ նվազ տեղումների պարագայում, երբ երաշտային իրավիճակ ենք ունենում, պարզվում է, որ ժամանակին անհրաժեշտ քանակությամբ ջուր չի կուտակվել ջրամբարներում, ու ամեն անգամ կառավարությունը որոշում է ընդունում ավելացնել Սևանա լճից բաց թողնվող ջրի քանակը՝ խախտելով լճի էկոլոգիական բալանսը։ Երբ շատ տեղումներ ենք ունենում, նույնպես արտակարգ իրավիճակ ենք ունենում։ Մայրաքաղաքում ու այլ բնակավայրերում մի փոքր ուժեղ անձրևի դեպքում ջուրը կուտակվում է փողոցներում և անցումների տակ, ու այդ հատվածները կաթվածահար են լինում։
Այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերին, դրա վառ վկայությունն է։ Երկրի հյուսիսայի հատվածում, մասնավորապես Գյումրիում, Վանաձորում, Ապարանում, Նոյեմբերյանում և այլուր հորդառատ անձրևները, կարկուտը, փոթորիկը և ուժեղ քամին աղետալի իրավիճակ են ստեղծել՝ լուրջ վնասներ պատճառելով։ Իհարկե, որևէ երկիր ապահովագրված չէ բնական աղետներից, այստեղ պատճառը, որքան էլ տարօրինակ թվա, հազիվ թե Նիկոլ Փաշինյանն է: Բայց ամբողջ հարցն այն է, որ նախ՝ որևէ նախապատրաստություն չկա արտակարգ իրավիճակների դեպքում, երկրորդ՝ դրանց տեղի ունենալուց հետո էլ պետական համակարգը շատ ուշացած է արձագանքում դրանց հետևանքները վերացնելու տեսանկյունից։
Ամենախորքային խնդիրը վերաբերում է հենց պետական կառուցվածքի ադեկվատությանն ու այդ կառուցվածքը ղեկավարողներին։ Շաբաթ և կիրակի օրերին, երբ երկրի մի հատվածում աղետալի իրավիճակ է, կառավարությունում հանգստի ռեժիմում էին։ Այնպիսի տպավորություն էր, որ ոչինչ էլ տեղի չի ունեցել։ Դե, մարդիկ հանգստանում են, հո «ինչ-որ» ավերածությունների համար իրենց կիրակին չէին զոհաբերելու: Եվ սա դեռ միայն ներքին կազմակերպվածության ձախողումն է։ Իսկ երբ դրան գումարում ենք միջազգային իրադարձությունների նկատմամբ Հայաստանի արձագանքի դանդաղկոտությունը, դառնում է պարզ, որ գործ ունենք կոնկրետ սպառնալիքների հետ։
Կարդացեք նաև
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։