Լրահոս
Ջրի ճամփան
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Մեծանում է այս խառնաշփոթի մեջ Սյունիքի օկուպացիայի համար ադրբեջանա-թուրքական ներխուժման վտանգը»

Հունիս 17,2025 14:55

«Արթուն ենք» շարժման անդամ Էդգար Ղազարյանի համոզմամբ՝ իրանա-իսրայելական ռազմական գործողությունները Հայաստանի համար շատ վտանգավոր են: «Նախ, Իրանը մեզ հարեւան եւ բարեկամ երկիր է եւ այդ երկրի այդ վիճակի մեջ գտնվելը չի կարող չանհանգստացնել մտահոգ հասարակությանը եւ Հայաստանի իշխանություններին: Բացի դրանից, վերջին շրջանում թե ԱՄՆ պետքարտուղարը, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարը, որոնք ամենաբարձր իրազեկում ունեցող պաշտոնյաներն են աշխարհում, տարբեր առիթներով հայտարարել են, որ Հայաստանի սահմանների մոտ կան Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերի կուտակումներ, իրականացվում են զորավարժություններ եւ իրական ռազմական գործողությունների վտանգներ կան: Այսինքն, ադրբեջանական ներխուժման իրական վտանգ գոյություն ունի:

Եվ քանի որ Նիկոլ Փաշինյանին ու Սուրեն Պապիկյանին հաջողվել է հիմնահատակ ջախջախել Հայաստանի զինված ուժերը, մենք որոշակի ակնկալիքներ էինք ձեւավորել, որ նման ռազմական հարձակումը հնարավոր է, որ կկանխվի Իրանի ներգրավվածության եւ ջանքերի արդյունքում՝ նկատի ունենալով, որ նրանց ամենաբարձր մակարդակի գործիչներ անթույլատրելի էին համարում սահմանների փոփոխությունը մեր տարածաշրջանում: Նաեւ այդ նպատակով է, որ մի քանի տարի առաջ Կապանում բացվել էր ԻԻՀ գլխավոր հյուպատոսությունը:

Հիմա պարզ է, որ Իրանի՝ ռազմական գործողություններին ներգրավվածությունն այլ ուղղությամբ, առավել եւս ԱՄՆ նախագահի հայտարարությունից հետո, պարզ է, որ Իրանն այս ուղղության վրա ուշադրություն, ռեսուրս, միջամտություն անելու քայլի մեծ դժվարությամբ կգնա: Սա նշանակում է, որ մեծանում է այս խառնաշփոթի մեջ Սյունիքի օկուպացիայի համար ադրբեջանա-թուրքական ներխուժման վտանգը»,-ասաց նա:

Էդգար Ղազարյանը նաեւ նշեց, որ Իրանում ստեղծված իրավիճակը լուրջ մարտահրավերներ է ստեղծում Հայաստանի համար նաեւ սոցիալական, դեմոգրաֆիական իմաստով: «Իրանի հետ Հայաստանն ունի ոչ վիզային ռեժիմ: Իրանի քաղաքացիները ՀՀ այցելելու համար մուտքի արտոնագրի կարիք չունեն, իրենց անձնագրով ցանկացած պահի կարող են մտնել Հայաստանի տարածք: Իսկ քանի որ հիմա Իրանի օդային տարածքն էլ փակ է, նշանակում է, որ Իրանի քաղաքացիների մեծ հոսք է հնարավոր Հայաստան: Ինչքանո՞վ է Հայաստանն ի վիճակի, ֆիզիկապես ընդունել այդքան մեծ թվով մարդկանց, ըստ էության՝ փախստականների, որոնք գալու են՝ իրենց հետ ունենալով միայն առաջին անհրաժեշտության իրեր: Նրանք չեն գալու այստեղ բիզնես դնելու, զբոսաշրջության նպատակով: Մենք խոսում ենք մի քանի տասնյակ միլիոն բնակիչ ունեցող պետության մասին եւ խոսքը վերաբերելու է հարյուր հազարավոր եւ միլիոնավոր մարդկանց»:

Էդգար Ղազարյանը նախազգուշացրեց, որ մեծ ռիսկեր կան, որ Իրանից փախստականի անվան տակ Հայաստան կարող են ներթափանցել նաեւ մեծ թվով ադրբեջանցիներ: «Այսինքն, խոսքը կարող է վերաբերել նաեւ նույն 300 հազար, գուցե, ավելի շատ ադրբեջանցիների: Քանի որ նրանք Հայաստանի տարածք ուղիղ մտնելու հնարավորություն չունեն, հնարավոր է՝ մտնեն Իրանի տարածք եւ այնտեղից՝ որպես պատերազմի հետեւանքով իրանցի փախստականներ, մեծ հոսքի հետ միասին գան Հայաստան, գնան բնակավայրեր եւ ասեն, իբր դրանք իրենց պատմական բնակավայրերն են եւ իրենք եկել են այստեղ ապրելու»:

Էդգար Ղազարյանը տեղեկացրեց նաեւ հավելյալ ռիսկերի մասին, քանի որ Հնդկաստանն էլ հայտարարել է, որ այս պատերազմում Իրանի տարածքից իր քաղաքացիներին էվակուացնելու համար լավագույն վայրը Հայաստանն է: Եվ այստեղ էլ խոսքը տասնյակ կամ հարյուր հազարավոր մարդկանց մասին է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30