«2025-ի հունիսն է․ էդ սյուները Մյասնիկյան պողոտայում, որ տնկել են, մենակ լեդ լուսատուներն են, տրոլեյբուսի գծեր, հոսանք, ինտերնետ և հին սյուները մինչև հիմա մնացել են։ Այս կառավարությունից, քաղաքային իշխանությունից ևս քանի՞ չորս տարի է պահանջվելու, որ Մյասնիկյան պողոտան վարկային միջոցներով ստացված փողով բերվի բարվոք տեսքի։ Մի քառասուն տարի հետո այս իշխանությունը, եթե լինի՝ կարա՞ զեկուցի, որ Մյասնիկյան պողոտան վերանորոգել է»,- Ազգային ժողովի նիստի ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին այսպիսի հարց տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նախարարն ասաց, որ այդ հարցին տեղյակ չէ․ «Չգիտեմ՝ ի՞նչ նախագիծ է պատվիրել քաղաքապետարանը և այդ նախագծով ի՞նչ աշխատանքներ էին նախատեսված։ Նախ` կուսումնասիրեմ այդ նախագիծը, որ հարցի պատասխանն իմանամ»։
Գեղամ Մանուկյանն արձագանքեց․ «Գնել Սանոսյանն ու Դուք տարբեր նախարարությունների նախարարնե՞ր եք։ Կոնկրետ վարկային ծրագրով դպրոցների ծրագրի մասին եմ հարցնում․ 46 դպրոց պետք է շահագործման հանձնվեր 2020-ին, ձգեցին 2022-ի հոկտեմբերի 26-ին։ Ձեր պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանին հարցրել եմ ժամանակին, նա էլ կետ առ կետ պատասխանել է։ 46 դպրոց Ասիական զարգացման բանկի վարկային ֆինանսավորում ստացել էին, Գնել Սանոսյանն էլ ինձ ասել էր՝ 2026-ի մայիսի 30-ին ծրագրվում է ավարտել։ Կարո՞ղ եմ հիմնավոր կասկած ունենալ, որ վերջը չենք տեսնելու այդ ծրագրի ավարտը՝ ոնց Մյասնիկյան պողոտայի ծրագրի ավարտը։ Կոնկրետ վարկային ծրագրով դուք Ձեր ղեկավարած նախարարության գործունեությանը ծանոթացեք»։
Կարդացեք նաև
Դավիթ Խուդաթյանն արձագանքեց․ «Իմ ղեկավարած նախարարությանը ծանոթ եմ։ Պայմանավորված այն հանգամանքով, որ Դուք տարածքային կառավարման նախարարությանն եք ուղարկել ձեր հարցումը, և մենք ենք շրջանառել, դա չի նշանակում, որ պատվիրատուն մենք ենք։ Երբեք մեր նախարարությունը չի եղել, չի պլանավորում լինել դպրոցի պատվիրատու և այս պահին դպրոցներից ոչ մեկի մասով մենք շինաշխատանքների պատվիրատու չենք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ