Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու ստեղծվեց հինգաստղանի քրեակատարողական հիմնարկ. «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրենի դիտարկումները

Հունիս 17,2025 17:13

«Մենք մշտադիտարկում ենք մի քանի ռազմավարական ուղղություններ՝ դրանք ոստիկանության բարեփոխումներն են, քրեակատարողական եւ պրոբացիայի, հակակոռուպցիոն, դատաիրավական ու ընդհանուր մարդու իրավունքների համակարգի հետ են կապված»,- Մեդիա կենտրոնում կայացած Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկման թեմայով քննարկման ժամանակ նշեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն, հաշտարար Արտակ Կիրակոսյանը:

Նրա խոսքով, առաջին հարցը, որ պետք է քննվի, նախ այն է, թե ինչպես են ռազմավարություններն ընդունվում, հաստատվում դրանց կատարողականները, կամ որտեղ են քննարկվում. «Իմ պատկերացմամբ, պառլամենտական երկրում այն ռազմավարությունները, որոնք առավել եւս դուրս են կառավարության ծրագրից, պետք է անպայման քննարկվեն եւ հաշվետվություն ներկայացվի պառլամենտում: ԱԺ-ն պետք է լինի այն մարմինը, որը ընդդիմության մասնակցությամբ կարողանա հեռանկարային ռազմավարությունները քննարկել եւ դրանց վերաբերյալ հանդես բերի որոշակի մոտեցումներ, որի արդյունքում էլ կերեւա, թե ինչքանով են այդ ռազմավարությունները համապատասխանում ընդհանուր երկրի զարգացմանը»:

Արտակ Կիրակոսյանն ընդգծում է. «Եթե մարտավարական կամ ռազմավարական խնդիր ենք դնում, դա պետք է ամբողջ հանրության համար ընկալելի լինի: Մասամբ ՀԿ-ների ներուժն օգտագործվում է փորձագիտական տեսակետից, բայց ՀԿ-ների կամ քաղհասարակության, ընդհանրապես հանրության խնդիրը միայն այն չէ, որ ինքը փորձագիտական աջակցություն տա:

Ինչ է նշանակում փորձագիտականը…Դուք իմ առջեւ խնդիր եք դնում, ես առավելագույնս լավ փորձում եմ լուծել: Ես դրա օրինակը բերեմ: Օրինակ` խնդիր էր դրվել, որ պետք ունենանք 5 աստղանի քրեակատարողական հիմնարկ: Վարչապետը մի անգամ դրա մասին ասաց, հետո արդարադատության նախարարը, հետո նույնիսկ նախագիծ սարքեցին, բայց դա կոնցեպտուալ ու բոլոր իմաստներով չաշխատող մի բան էր: Ես ամենասկզբից մեր գործընկերներին հորդորում էի՝ ասում էի եկեք ընդհանրապես սրա մեջ չմտնենք, մենք ունենք շատ կոնկրետ մարտահրավեր, որ պետք է Նուբարաշեն ՔԿՀ-ն փակվի: Ու այն ժամանակ ասում էինք, որ նախագծումից մինչեւ կառուցումը 10 տարի կարող է տեւել, որովհետեւ մեկ օրում հնարավոր չէ նորմալ քրեակատարողական հիմնարկ սարքել: Հիմա նայում եմ արդարադատության նախարարության բյուջեի մեջ այս տարվա համար 500 մլն դրամ է նախատեսված, իսկ հաջորդ տարվա համար ոչինչ չկա: Չեմ հասկանում, էդ ոնց էր պլանավորվել, կամ գուցե ե՞ս լավ չեմ հասկանում…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30