«Եկեղեցի-իշխանություն վեճը չի սկսվել այս օրերին, այդ վեճը սկսվել է բավականին վաղուց։ Եթե ձեզ թվում է, որ ես պետք է խոսեմ Բագրատ Գալստանյանի շարժման մասին, ոչ, դրանից էլ ավելի վաղ է սկսվել Եկեղեցու սկսած հակամարտությունը պետության դեմ։ Ես շատ լավ հիշում եմ, օրինակ, 2022 թվականը, երբ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունն էր, եւ քաղաքական իշխանությունը ներկա չէր ԱԺ այդ հատուկ նիստին։ Բայց ներկա էր Ամենայն Հայոց կաթողիկոսը։ Ես ձեզ առաջարկում եմ գնալ ու լսել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելույթը։ Դա ընդդիմադիր քաղաքական գործչի ելույթ էր։ Եվ ակնհայտ է, որ Եկեղեցին առնվազն քաղաքական իշխանության, բայց ես նաեւ կպնդեմ՝ պետության դեմ բավականին վաղուց պայքար է սկսել»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Հարցին, թե ո՞րն է իրենց ակնկալիքը, Եկեղեցին պետք է լռի՞ այսօրվա պայմաններում, Սարգիս Խանդանյանը պատասխանեց ՝ բնավ ոչ։ «Բայց Եկեղեցին պետք է մնա իր լիազորությունների, իրավունքների, խնդիրների շրջանակներում։ Եվ ակնհայտ է, որ այդ շրջանակներից դուրս է եկել եւ սկսել է քաղաքական հայտարարություններ անել։ Այսինքն՝ իրենք կուսակցական պայքար են սկսել»։
Անդրադառնալով Փաշինյանի հակաեկեղեցական գրառումներին՝ Խանդանյանն ասաց, որ Եկեղեցուց ակնկալում են հնչեցված հանրային հարցադրմանը պատասխան տալ։
Նա ասաց, որ պետությունը չի միջամտում Եկեղեցու գործերին։ Ըստ Խանդանյանի՝ Հայաստանի քաղաքական իշխանությունը, որը հոգ է տանում Եկեղեցու հետեւորդների համար, ցանկանում է, որ Հայ Առաքելական եկեղեցին՝ որպես հոգեւոր ու կրոնական կառույց, լինի ուժեղ։ «Եվ մեր նպատակն ուժեղացումն է»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Անդրադառնալով սոցիոլոգիական հարցումներին, որ Եկեղեցին ավելի մեծ վարկանիշ ունի, քան իշխանությունը, Սարգիս Խանդանյանն ասաց․ «Եթե լայն աջակցություն վայելեին, անցած տարվա այսպես կոչված Սրբազան շարժումն այլ բան կունենար, որը լայնորեն աջակցություն էր վայելում Եկեղեցու կողմից»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ