«Տարածաշրջանային էսկալացիան, որն այս պահին դեռևս դրսևորվում է Իրան-Իսրայել բազմաշերտ հարվածներով, նոր պայթյուն է խոստանում ոչ միայն այս երկու երկրներին, այլ նաև նրանց, որոնք անպատրաստ են ճգնաժամի ուղղակի և անուղղակի հարվածներին, որոնք չեն գնահատել եղած սպառնալիքների ազդեցությունը սեփական երկրների անվտանգության միջավայրին ու տնտեսական իրավիճակին և անկարող են ռիսկերի կառավարում իրականացնել»,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա՝ եթե Հայաստանի կառավարությանը թվում է, որ իրենք կարող են իրավիճակին անհաղորդ և անտարբեր մնալով կամ թեման շրջանցելով՝ խուսափել իրադրային այս ծանր զարգացումների հետևանքներից, չարաչար սխալվում են․ «Այլ է վիճակը, երբ իշխանության արտաքին քաղաքական տապալումների և անվտանգության համակարգի ճարտարապետության վերաբերյալ կատաստրոֆիկ պատկերացումների պայմաններում, հասարակական սպասում այս կառավարությունից չի էլ ձևավորվում: Տարածաշրջանում խորացող ճգնաժամի պայմաններում, Հարավային Կովկասում խախտվում է այդպես էլ չկայունացած ռազմաքաղաքական բալանսը, որում որպես կայունացնող և զսպող դերակատար ներգրաված երկրներից Իրանն ամբողջ ճակատով պատերազմի մեջ է Իսրայելի հետ: Սա մեր տարածաշրջանում ավտոմատ կերպով մեծացնում է Թուրքիայի և Ադրբեջանի կշիռը, ինչ-որ առումով՝ ազատ արձակում նրանց արյունոտ ձեռքերը՝ հիմքում ունենալով նաև այն հանգամանքը, որ աշխարհը կենտրոնացած է Մերձավոր Արևելքի ուղղությամբ և իրենց համար կարող է փոքր պատուհան բացվել իրենց ռազմավարական շահերի իրացման համար»։
Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ Ադրբեջանի ու Թուրքիայի վարքագիծը տարբեր գործոններով է պայմանավորված, և այս տեսանկյունից մեծ թվով հարցեր էլ անորոշ են, որովհետև պարզ չի, թե Հայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան բանակցություններն ինչ սկզբունքների և մոտեցումների շրջանակներում են ընթանում և վարագույրների հետևում ընթացող գործընթացն ի՞նչ անակնկալ է պատրաստում մեր ժողովրդի համար․ «Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ավարտված բանակցությունների պարագայում փաստաթուղթն այդպես էլ չի հրապարակվում, բնականաբար, դա լրացուցիչ ազդակներ է փոխանցում հանրությանն առ այն, որ իրենից գաղտնի ոչ միայն բանակցություն է տարվել, այլ իրենց շահերին հակասող պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ինչևէ, ցավոք, մեր հասարակությունը վերջին տարիներին բազմաթիվ «ականջ շոյող» խոստումներ է լսել, սակայն որպես կանոն՝ միայն ստացել է պատերազմ, տարածքային կորուստներ, հազարավոր զոհեր, զրկանքներ և բազմաթիվ անհայտներով անորոշ ապագա»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ