Երևան, 17 հունիսի, 2025թ. – Արժևորելով հայրերի կարևոր դերը երեխաների կյանքում՝ Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես նշվեց Հայրերի օրը։
Միջոցառումը նախաձեռնել էր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ Ազգային ժողովի ու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։ Միջոցառումն իրականացվեց «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակում։
«Մենք այսուհետ Հայաստանում նշելու ենք Հայրիկների օրը։ Սա ևս մեկ վկայություն է, որ մենք արժևորում ենք տղամարդկանց։ Քաղաքականությունների մակարդակում մենք ստանձնել ենք կարևոր հանձնառություններ, այդ թվում՝ նոր Ժողովրդագրական ռազմավարության և գործողությունների ծրագրի շրջանակում։ Պատասխանատու հայրությունը հավասարակշռված միջավայր ունենալու, երեխաների համար լիարժեք մանկություն ապահովելու երաշխիքներից մեկն է», – միջոցառման մեկնարկին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
Միջոցառումն ընտանիքներին միավորել մեկ հարթակում՝ ընդգծելու հոր ներգրավվածության առանցքային դերը ոչ միայն երեխաների, այլև մոր, ընտանիքի ու ողջ հասարակության բարեկեցության հարցում։
Կարդացեք նաև
«Որպես հինգ երեխաների հայր և որպես քաղաքացի՝ կարող եմ ասել, որ հայր լինելը խորապես պատասխանատու դեր է։ Այն պահանջում է նվիրվածություն, խնամք և մայրիկների հետ սերտ համագործակցություն՝ երեխաներին դաստիարակելու գործում։ Հայրությունը մեկանձնյա դեր չէ, այն համատեղ ճանապարհ է։ Ահա թե ինչու Եվրոպական միությունը հպարտ է աջակցել Հայրիկների ակումբի և Հայրիկների դպրոցների նման նախաձեռնություններին, որոնք նպաստում են ավելի ներգրավված հայրության ձևավորմանը Հայաստանում», — ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլը։
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանը, ում նախաձեռնությամբ հունիսի 17-ը պաշտոնապես դարձել է Հայրերի օր և ներառվել Հայաստանի տոնական օրացույցում, ասաց․ «Ես շատ եմ տեսել կարծրատիպեր կոտրող հայրիկների օրինակներ։ Չնայած դեռ պահպանվում է պատկերացումը, թե հայրը պետք է լինի խիստ ու զուսպ, այսօր մենք արդեն ունենք նոր, դրական օրինակներ։ Երբ հայրը ոչ միայն պահում ու պաշտպանում է ընտանիքը, այլև երեխայի ընկերն է, ոգեշնչողն ու խնամողը՝ դա պետք է տեսանելի դարձնել։ Հուսով եմ՝ այս օրը հենց այդպիսի պատմություններ բարձրաձայնելու առիթ կլինի»։
«Մենք և հայրիկը՝ միասնական թիմ» ուրախ խաղին մասնակցեցին ընտանիքներ Երևանից և Հայաստանի մարզերից։
«6-ից 12 տարեկան հասակում իմ կյանքը ձևավորող մարդը հենց հայրս էր։ Նա էր, ով ինձ փոխանցեց մարդկանց միջև հավասարության ու բնության հանդեպ սիրո և հոգատարության գաղափարը։ Նա ուներ հստակ արժեքներ, և դրանք փոխանցեց մեզ։ Խորապես հավատում եմ, որ հայրերն ունեն կարևոր դերակատարում՝ նույնքան, որքան մայրերը՝ ապահովելու, որ երեխաները մեծանան կայուն, հուզականորեն հավասարակշիռ և զարգացած ինտելեկտուալ միջավայրում։ ՄԱԿ-ը Հայաստանի կողքին է՝ խթանելու ներգրավված և դրական հայրությունը։ Սա համատեղ պատասխանատվություն է և ճանապարհ դեպի ավելի հավասար և հոգատար հասարակություն», – ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։
Միջոցառման ընթացքում գործող լուսանկարչական տաղավարում ընտանիքները հավերժացրին օրվա ուրախ պահերը, իսկ ձեռքի աշխատանքների գոտում պատրաստեցին իրենց սերը և հոգատարությունը խորհրդանշող իրեր։
«Այս օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն կարևորելու հայրիկների դերը, այլև խոսելու հայրության մասին, որը կառուցվում է ներգրավվածության, ուշադրության ու հավասար ծնողավարության հիմքի վրա։ Մենք աջակցում ենք այնպիսի քաղաքականությունների մշակմանը, որոնք հնարավորություն կտան, որ հայրիկներն ամբողջությամբ ներկա լինեն իրենց երեխաների կյանքում, որպեսզի բաց չթողնեն այդ հրաշալի ընթացքի որևէ կարևոր դրվագ», – ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, գենդերային ծրագրերի ղեկավար Թագուհի Հարությունյանը։
Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը նկատեց, որ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող Հայրիկների ակումբները Հայաստանում խթանում են ներգրավված և պատասխանատու հայրությունը։ «Հայրիկների ակումբի հանդիպումները նպաստում են ավելի ներդաշնակ հարաբերություններին, կենցաղում և երեխաների դաստիարակության գործում հավասար ներգրավվածությանը, ինչպես նաև ուշադրություն են դարձնում այնպիսի կարևոր հարցերի, ինչպիսիք են սեփական առողջությունը և ինքնակրթությունը։ Շատ կարևոր է, որ այս մոդելը դառնա պետական և շարունակի խթանել ներգրավված հայրությունը Հայաստանում», — ասաց նա։
Այս հաղորդագրությունը պատրաստվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում։ Բովանդակության համար պատասխանատվություն են կրում ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպությունը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակ