«Առարկում ենք, որ վաղեմության հիմքով քրեական հետապնդումը դադարեցվի»,-Հակակոռուպցիան դատարանում իր եւ նախագահ Սերժ Սարգսյանի անունից հայտարարեց պաշտպան Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ մեղսագրվող հանցանքը Սերժ Սարգսյանը չի կատարել եւ իրենք հասնելու են նրան, որ դա փաստվի դատական ակտով՝ մնալով ՀՀ պատմության մեջ։
Ամրամ Մակինյանը միջնորդեց՝ դատավոր Արամ Գրիգորյանի վարույթում գտնվող եւ միեւնույն վարույթին վերաբերվող երկու գործերը միացնել։ Մեղադրողը առարկեց՝ քանի որ վարույթներից մեկով այլ մեղադրյալներ էլ են ներգրավված․ հաշվի առնելով գործի դրվագների քանակը, վկաների քանակը, նաեւ իր գնահատմամբ՝ փաստական հանգամանքների փոխկապակցված չլինելը, դատախազը կարծում է, որ գործի քննությունը կձգձգվի։
Ամրամ Մակինյանը տարակուսեց՝ վարույթներից մեկով երկու տարի է վաղեմության ժամկետ է անցել։ Ավելին, այդ գործը ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան, երբ վաղեմության ժամկետը երկու տարի առաջ լրացել է ու անգամ եթե դատարանը վերդիկտ հրապարակի՝ Սերժ Սարգսյանի մասով պատիժ չի կարող սահմանել․ «Մենք չենք հասկանում՝ դատախազությունն ինչ հարց է լուծում երկու տարի առաջ ավարտված, քրեական պատասխանատվության ժամկետը լրացած գործը դատարան ուղարկելով, մեզ դատարան բերելով։ Տպավորություն է, որ դատախազությունը խնդիր ունի՝ մեզ անընդհատ դատարան բերել-տանել։ Հանրային մեղադրողն իմ տպավորությունները հաստատեց։ Գործերը միացվելու իմ միջնորդությունը բխում է դատախազության շահից, արդարադատության շահերից»։
Դատավորը հանրային մեղադրողին տեղեկացրեց, որ մյուս գործով հանրային մեղադրողը չի առարկել գործերի միացմանը։ Հանրային մեղադրողը մնաց իր կարծիքին՝ հավելելով, որ մյուս գործով հանրային մեղադրողի դիրքորոշումը հարգում է, բայց այն կապ չունի իր դիրքորոշման հետ։
Կարդացեք նաև
Ամեն դեպքում, դատավորը որոշեց միացնել գործերը՝ քանի որ դա չի վնասում արդարադատությանը, ավելին, նվազագույն դատական ծախսերով է հնարավոր դատաքննությունը շարունակել։
Մանրամասները՝ տեսանյութում
Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, երկու գործ է քննվում ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Վալերի Գրիգորյանի եւ Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ՝ Եռաբլուր պանթեոնի հարակից տարածքներում գտնվող «Տոյոտա» ավտոսրահին պատկանող հողատարածքների գործը։ Այս գործով երրորդ նախագահին մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին․ խոսքը հողերի օտարման մասին է։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն Իսակովի պողոտայի որոշ հողամասեր ՀՀ երկրորդ նախագահին պատկանող «Տոյոտա-Երեւան»-ին փոխանցելու համար, էժան գնով է վաճառել: Իշխանությունը շահարկում է հողակտորների՝ Եռաբլուրին մոտ լինելու հանգամանքը, սակայն այդ հողակտորները մեծամասամբ Եռաբլուրի դիմացի մայթին են, դրանց մի մասն էլ Չինաստանի դեսպանատան կառուցմանն է հատկացվել։ Սերժ Սարգսյանի փաստաբանը հայտարարել է, որ իրականության հետ կապ չունեցող մեղադրանք է` քաղաքացիաիրավական գործարքները դատախազությունը քրեականացրել է։
Մյուս գործը գործարար Սիլվա Համբարձումյանի ՝ «դարի կաշառքների» գործն է, որով անցնում են բազմաթիվ պետական պաշտոնյաներ։ Այս գործով վաղեմության ժամկետը լրացել է դեռ երկու տարի առաջ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ