«Պարոն Կարապետյանը ըստ երևույթին որոշել է որոշակի քաղաքական պաշտպանվածություն գտնի քաղաքական կամ կիսաքաղաքական՝ իր հայտարարություններով»,-Ազգային ժողովում անդրադառնալով Հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հայտարարությանը՝ այսպիսի կարծիք հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Հիշեցնենք՝ Հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը news.am-ի հետ զրույցում հայտարարել էր․ «Ի՞նչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։
Ըստ Վահագն Ալեքսանյանի՝ «մի երկրում, որտեղ հինգ րոպեն մեկ մարդկանց տներում հոսանքն անջատվում է, այդ երկրում ՀԷՑ-ի սեփականատերը պետք է մտածեր՝ ոնց անի, որ իր մատուցած ծառայությունների որակը բարձրացնի․ «Սրա մեկնաբանությունը հստակ է, որ վերջին շրջանում շատ լուրջ քննարկվել է ՀԷՑ-ի կողմից նմանատիպ վարքագծին որոշակի գնահատական տալու և քաղաքացիների, սպառողների շահերը պաշտպանելու հարցը։ Նման հայտարարություն է անում հենց այն ժամանակ, երբ ինքը կոնկրետ գիտի՝ ինչ հարց է քննարկում կառավարությունը, ԱԺ-ն, հանձնաժողովը, ինչ մակարդակի է հասել ՀԷՑ-ից դժգոհությունը։ Խորհուրդ եմ տալիս զբաղվի՝ նորմալ հոսանք մատակարարելով»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ ասաց․ «Այսօր ՀԷՑ-ի սեփականատերն ասում է՝ այ, եթե քաղաքական գործիչները չկարողացան, մենք մեր ձևով ենք մասնակցելու այդ ամենին։ Ձեր ձևովը ո՞րն է․ լույսե՞րն եք անջատելու։ Հենա անջատում եք։ Սկի չեք կարում ձեր գործն անեք, սկի մի հատ թեժ գիծ չեք կարողանում կարգավորել, ինչի՞ մասին է խոսքը։ Տո, դուք ի՞նչ հոգևոր պաշտպանության գործին եք լծվել, ի՞նչ կապ ունեք հայ առաքելական եկեղեցու, հայ ժողովրդի հետ։ Դու գնա, քո ՀԷՑ-ով զբաղվի։ Եկել է նաև քննարկելու ՀԷՑ-ի ազգայնացման ժամանակը։ Թույլ չենք տալու վերադարձնեք ՀՀ-ին օլիգարխիայի իշխանությունը, վեր ընկեք տեղներդ»։
Կարդացեք նաև
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ևս անդրադարձավ Սամվել Կարապետյանին ու նշեց․ «Որ ասում է մի փոքրիկ խմբակ, ենթադրում եմ՝ ՀՀ ընտրված վարչապետն է և մենք։ Սա ի՞նչ է նշանակում, եթե ոչ ՀՀ օրինական իշխանության դեմ բռնության գործադրման՝ այսպես ասած ավետում։ ՀՀ-ն պետություն է և դառնում է ավելի ուժեղ պետություն, և պետական ինստիտուտները ոչ միայն խոսքով, այլև գործով արձագանքելու են նման ընկերների՝ ցանկացած խոսքի և գործողության։ Մենք մեր տեղում ենք, մեր պետական ինստիտուտները տեղում են»։
Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը հրապարակավ խոստովանել է, որ աթեիստ է:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տիգրան Պարսիլյանը. որը նույնպես հայտարարել է, թե Հայ առաքելական եկեղեցու անդամ չէ՝ հայտարարեց․ «Երբ ասում են՝ եթե սրբազանների դեմ ենք դուրս եկել, ուրեմն եկեղեցու դեմ ենք դուրս եկել, էդ տրամաբանությամբ շարժվողներն այսուհետ վարչապետի ու մեր մասին խոսելիս պետք է պարզապես պապանձվեն, քանի որ վարչապետը՝ այն էլ ընտրված, նույն կերպ հանդիսանում է պետության ներկայացուցիչը, մենք հանդիսանում ենք այդ պետության պատգամավորներն ու ներկայացուցիչները»։
Հ․ Գ․ Տեղեկացնենք, որ ԱԱԾ-ն այս պահին խուզարկություն է իրականացնում Սամվել Կարապետյանի առանձնատանը։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ