Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին այսօր լրատվամիջոցներին հրավիրել էր իր նստավայր: Ողջունելով ԶԼՄ ներկայացուցիչներին՝ դիվանագետը նշեց, որ հունիսի 13-ի վաղ առավոտյան իր երկիրը ենթարկվել է Իսրայելի անօրինական զինված հարձակման եւ այդ ագրեսիայի ժամանակ սիոնիստական ռեժիմը հարձակվել է բնակելի շենքերի, պաշտպանական ենթակառուցվածքների եւ Նաթանսի միջուկային կենտրոնի վրա՝ պատճառելով վնասներ, որ նահատակվել են մի շարք բարձրաստիճան հրամանատարներ, գիտնականներ, դասախոսներ, սովորական քաղաքացիներ, կանայք եւ երեխաներ:
«Հաջորդիվ ռեժիմն ընդլայնեց իր ագրեսիայի շրջանակը՝ հարձակվելով մի շարք տնտեսական եւ հանրային ենթակառուցվածքների վրա, ինչպիսիք են նավթավերամշակման գործարանները եւ նավթամթերքի փոխադրման եւ բաշխման կենտրոնները, հիվանդանոցները: Երեկ էլ հարձակվեց պետական հեռուստաընկերության վրա:
Համաձայն օրինական ինքնապաշտպանության սկզբունքի, ԻԻՀ-ն ձեռնարկել եւ իրականացրել է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ հրթիռային հարձակում սիոնիստական ռեժիմի ռազմական բազաների, հետագայում՝ տնտեսական այլ օբյեկտների վրա՝ ի պատասխան սիոնիստական ռեժիմի կողմից մեր երկրի ենթակառուցվածքների վրա հարձակման»,-ասաց դեսպանը: Նա նաեւ ընդգծեց, որ այս հարձակումը վերջին ութ տասնամյակների ընթացքում իսրայելական ռեժիմի կողմից իրականացված օրենքների խախտման շարունակությունն է եւ որ այս ռեժիմը եղել է միջազգային օրենքների եւ իրավունքների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի կանոնադրության, այդ թվում՝ մարդասիրական եւ մարդու իրավունքների ամենամեծ խախտողը:
Պարոն Սոբհանիի գնահատմամբ, Իրանի դեմ իրականացված այս անօրինական հարձակումը հարձակում է ամբողջ ՄԱԿ համակարգի վրա եւ լուրջ սպառնալիք է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը: Եվ Անվտանգության խորհուրդը պարտավոր է միջամտել այս հարցում ագրեսիան դադարեցնելու նպատակով: «Իրանը մինչ այսօր ոչ մի պատերազմ չի սկսել եւ վերջին տասնամյակների ընթացքում միշտ եղել է ագրեսիայի զոհ: Սակայն ագրեսիային ի պատասխան, մենք պաշտպանվում ենք լիովին օրինական եւ ուժեղ կերպով: Պատերազմը պարտադրվել է Իրանին եւ Իրանը որեւէ դեր չի խաղացել այն սկսելու մեջ:
Կարդացեք նաև
Սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն տրամադրված է պաշտպանվել սիոնիստական ռեժիմի ագրեսիայից»,-ասաց դեսպանը եւ հավելեց, որ Իսրայելը միտումնավոր կերպով ընդլայնում է իր ագրեսիան տարածաշրջանում, ինչը կազդի բոլոր երկրների շահերի վրա:
«Այս ռեժիմի գոյությունը միահյուսված է պատերազմի, ագրեսիայի, հարեւանների վրա հարձակումների, լարվածության, ճգնաժամի եւ անկայունության սրման հետ: Նա իր գոյությունը տեսնում է պատերազմի մեջ եւ պատերազմը այդ ռեժիմի համար նպատակ է, որով նա փորձում է ստեղծել իր տարածաշրջանային գերիշխանության ճարտարապետությունը: Այս պետությունը դիվանագիտության թշնամին է եւ Մերձավոր Արեւելքում ապակայունացման գլխավոր գործոնը»,-ասաց դեսպանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ