Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Մարգարյանի ծննդյան առթիվ

Հունիս 18,2025 13:00

Հունիսի 14-ը Բռնադատվածների հիշատակի օրն է։ 2006 թվականին «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելուց հետո հունիսի 14-ը նշվում է որպես Բռնադատվածների հիշատակի օր։ Ձեզ ենք ներկայացում ԽՍՀՄ քաղբանտարկյալ Ռազմիկ Մարկոսյանի խոսքը քաղբանտարկյալ, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մասին (վերջինիս ծննդյան օրը հունիսի 12-ին էր):

1975թ. սեպտեմբերի 12-ին ինձ հիվանդանոցից դուրս գրեցին ու երկու օր հետո Մորդովիայի 19-րդ ճամբարից հայերիս՝ Անդրանիկ Մարգարյանին, Արարատ Թովմասյանին, Ռուբեն Խաչատրյանին եւ այլազգի եւս 30 մարդու՝ բոլորը երիտասարդ, «սպեց էտապով», առանց «պերեսիլկաների», երեք օրում տեղափոխեցին Պերմի 37-րդ ճամբար։ Մենք այդ նորաստեղծ ճամբարի առաջին բնակիչներն էինք, որում իրականացնելու էինք խառատային գործունեություն։ Առաջին հայացքից կարծես լոյալ ճամբար էր ձեւավորվում, որովհետեւ դատելով «կոնդիգենտից»՝ բոլորն էլ հանգիստ էին եւ ճամբարային պայքարին առանձնակի մասնակցություն չէին ունենում։

Մոտ մեկ ամիս խառատային գործի դասընթացներ անցանք։

Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա նախաշեմին ինձ ու լիտվացի Էուգենիուս Յոոդվերշիսին անսպասելի տեղափոխեցին Պերմի 35-րդ ճամբար։ Ճամբարը մեզ չընդունեց։ 10 օր պատժախցում մնալուց հետո նորից բերեցին 37-րդ ճամբար։ Մեզնից հետո Անդրանիկ Մարգարյանին եւ մի այլ լիտվացու տարել էին 36-րդ ճամբար։ Մեկ օր հետո նրանց էլ վերադարձրին։

Ես 35-րդ ճամբարի պատժախցում էի, երբ լսեցի՝ մեկը «Մշեցու օրորն» է սուլում: Գիտեի, որ Ռազմիկ Զոհրաբյանն ու Բագրատ Շահվերդյանը 35-ում են: Գոռում եմ. «Ռազմի՜կ, Բագրա՜տ»: Սկզբում լռություն էր: Մեկ էլ ձայն եմ լսում: Ռուսերեն ասում են. «Ռազմիկը չի, Բագրատն էլ չի»: «Իսկ ո՞վ է,- հարցնում եմ: Պարզվում է՝ Անատոլի Ալտմանն է, հրեա կալանավոր: Հարցնում եմ. «Որտեղի՞ց գիտես մեր երգը»: Ալտմանը պատմեց, որ «Մշո օրորը» Բագրատն է իրեն սովորեցրել: 77-ին, երբ ինձ կրկին բերեցին 35 ճամբար, մենք Անատոլիի հետ լավ բարեկամներ դարձանք: Լուրջ զբաղվում էր յոգայով, բնույթով շփվող էր ու շատ կենսախինդ:

Պերմի ճամբարում Անդրանիկի շուրջը մի հետաքրքիր խումբ էր հավաքվել: Մեզ հետ` 37-ում էր հրեական հայտնի Զալմանսոնների ընտանիքի կռվազան կրտսեր եղբայրը` Իսրայելը: Նույն ընտանիքից ձերբակալված ու տարբեր ճամբարներում էին նրա եղբայրը, քույրը` Սիլվա Զալմանսոնը եւ քրոջ ամուսինը` Էդիկ Կուզնեցովը:

Նրանց նպատակն իրենց երիտասարդ երկիրը զարգացնելն էր: Ասում էին` Իսրայելն իրենց կարիքն ունի: Ուզում էին ամեն ինչ իմանալ ու սովորել, որ գնան ու իրենց գիտելիքները ծառայեցնեն իրենց երկրին: Զարմանալի հավաքական ու գործնական ծրագրեր ունեին: Ես մի տեսակ երանությամբ էի նայում նրանց, որ երբեւէ կարող են գնալ ու իրենց երկրի ազգային գաղափարախոսությանը զինվորագրվել` առանց կալանավորվելու, առանց տառապելու ու տառապեցնելու իրենց ընտանիքներին ու բոլոր նրանց, ում համար թանկ են:

Մեր ճամբարում կրտսեր Զալմանսոնի հետ Անդրանիկը մաթեմատիկա էր պարապում: Բոլոր հրեաները, ովքեր երազում էին Իսրայելին պիտանի լինել, հավաքվում, լսում էին այդ պարապմունքները: Նրանք ապրում էին իրենց պետությանը պիտանի լինելու մեծ երազանքով: Նույնիսկ խառատային դասընթացին մասնակցում էին հանուն Իսրայելի: Մեզ համար շատ հարգելի էր ցանկացած ազնիվ հայրենասիրություն, ու հայ-իսրայելական բարեկամությունը մեզանով ավելի սերտացավ:

Իսրայելի 9-րդ նախագահ, 92-ամյա Շիմոն Պերեսի` վերջերս Կիեւում անցկացվող Յալթայի ֆորումի փակմանը արտասանած ճառը ցնցեց ամբողջ աշխարհը. «Մենք երազում էինք մեր հողի մասին, սակայն հողը, որ ստացանք, երազանք չէր: Այնտեղ ճահիճներ էին, մոծակներ, հարավում` անապատ ու քարեր: Պետք էր մոծակների ու քարերի միջեւ ընտրություն կատարել: Այնտեղ երկու լիճ կար՝ մեկը՝ մեռյալ, մյուսն էլ չորանում էր: Կար հայտնի գետը, սակայն այնտեղ էլ ջուր չկար: Այսինքն, ջուր ընդհանրապես չկար: Բնական ռեսուրսներ նույնպես չկային: Այն ժամանակ ասում էին, որ Մերձավոր Արեւելքում երկու տեսակի երկրներ կան՝ նավթային ու սուրբ: Մերը բացարձակ սուրբ էր, որովհետեւ ընդհանրապես ոչինչ չկար: Մենք միայնակ էինք: Մենք չունեինք կրոնակից եղբայրներ, լեզվակից քույրեր, պատմական հարեւաններ: Այս ամենը տեղի էր ունենում Հոլոքոսթից հետո: Մենք գնացինք այնտեղ ու չգիտեինք ինչ անել… Մենք բոլորս գիտնականներ դարձանք: Իսրայելում յուրաքանչյուր ֆերմեր փնտրում էր` ինչպես գյուղատնտեսություն զարգացնել առանց ջրի ու հողի: Դա բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված առաջին գյուղատնտեսությունն էր»:

Պերեսն ասաց այն, ինչ ես ու Անդրանիկը տեսել ենք մեր աչքով: Նրանք իրենց երկրին վերաբերվում էին ինչպես կորցրած ու գտած զավակին: Ուզում էին հատուցել, լրացնել չարվածն ու բաց թողածը: Նրանց փորձը ցույց տվեց, որ ստեղծել հնարավոր է նաեւ ոչնչից: Դրա համար «բավական է մարդկային երազանքը, ստեղծագործական պոտենցիալն ու պետություն կառուցելու կամքը»:

«Բնության ամենամեծ հարստությունը մարդն է: Մարդի՛կ հարստացրին հողը, այլ ոչ թե հողը մարդկանց»: Այսպիսին է հայրենասիրությունն ըստ Շիմոն Պերեսի, եւ այսպիսին է այն առհասարակ:

Մի որոշ ժամանակ ինձ մեկուսացրին բուժկետում՝ արգելելով այցելությունները։ Անհասկանալի մեկուսացում էր, որը երկար չտեւեց։ Մեկ շաբաթից՝ նորից «էտապ» ու կրկին հետ՝ Մորդովիա՝ 3-5 ճամբար։ Ընդամենը 4 ամիս տեւեց 37-ում իմ «հյուրընկալությունը», իսկ «էտապը» տեւեց մեկ ամիս։

Ես ու Անդրանիկը Պերմում մնացինք չորս ամիս: 1977-ին Անդրանիկը ազատվեց կալանքից: Այդ ժամանակ նա իմ ընտանիքի հետ կապի մեջ էր, այցելում էր հարազատներիս, մտերմացել էր եղբայրներիս հետ, հորս հետ ընկերություն էր անում, ինձ հետ նամակագրական կապ էր պահպանում: Այդ ամենը միշտ չափազանց թանկ է եղել ինձ համար:

Ռազմիկ ՄԱՐԿՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.06.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30