«Հրթիռային այս հարվածի արդյունքում զոհվել է 26 հոգի»: «Չէ, սուտ են ասում՝ զոհվել է 36 հոգի»: Եվ լուրջ բանավեճ է սկսվում այն մասին, թե այս կամ այն հարվածի միջոցով որքան մարդ է հաջողվել սպանել: Այդ բանավեճն, իհարկե, հրահրում են հակամարտող կողմերը, իսկ «կողքից», կախված նրանից, թե ով որ կողմին է համակրում, մեկնաբաններն ու «վերլուծաբանները» նույնպես վիճում են, թե ում հարվածներն են ավելի կործանարար: Ընդ որում, մի կողմի պատճառած ավերածություններն ու իրականացված սպանություններն «արդար» են, իսկ մյուսինը՝ «անարդար»: «Նրանք սկսեցին, մենք պատասխանում ենք»: «Չէ, նրանք են սկսել. եթե մենք չխփեինք, կորած էինք»: Տեղեկատվական պատերազմ է գնում, մի խոսքով:
Հայաստանի սոցհարթակներում Իսրայել-Իրան պատերազմը նույնպես մեկնաբանվում է այդ «մրցակցության» տեսանկյունից, ինչը վկայում է, որ մարդկության բարոյական դեգրադացիայից մենք ոչ մի քայլ հետ չենք մնում:
«Հեսա մերոնք այնպես են խփելու, որ Թեհրանում քարը քարին չի մնա, – ասում են հայաստանցի «իսրայելասերները», – մերոնց զենքը հզոր է եւ մահաբեր»: «Հեսա մերոնք այնպես են զարկելու, որ Երուսաղեմը փոշի կդառնա, – հակադարձում են մեր իրանասերները, – դուք դեռ մերոնց զենքի հզորությունը չեք տեսել»: Մոռացվում է, ի դեպ, որ այդ երկու քաղաքներում ապրում են հազարավոր հայեր: Բայց եթե նույնիսկ այնտեղ ոչ մի հայ չլիներ, այդ ու մյուս քաղաքներում, ինչպես նաեւ աշխարհի բոլոր բնակավայրերում, ապրում են ՄԱՐԴԻԿ: Եվ ոչ ոք չի կարող համոզել ինձ, որ այդ փոխադարձ հեռահար հարվածներից տուժում են միայն զինծառայողները ու «ռազմական ենթակառուցվածքները»:
Ինչպես եւ ներքին կյանքում, մարդկայինը եւ քաղաքականը պետք է բաժանել: Երբ մենք խոսում ենք քաղաքական շահերի մասին, ապա տեղին է ասել, թե որ երկրի հետ են համընկնում մեր շահերը, իսկ որ երկրի հետ՝ ոչ: Իմ կարծիքով, տվյալ դեպքում Իրանի հետ մեր շահերի համընկնումները բազմաթիվ են եւ վերաբերում են տարբեր ոլորտներին: Կամ, եթե խոսքը ներքին խնդիրների մասին է, ապա ես կարող եմ արձանագրել, որ X խմբի շահերն ինձ ավելի մոտ են, քան Y-ինը:
Կարդացեք նաև
Բայց երբ խոսքը մարդկանց, նրանց կյանքի եւ առողջության մասին է, ապա այդ հաշվարկները պետք է մի կողմ դրվեն եւ բոլոր հարցերում, բոլոր հակամարտություններում դրսեւորվի մարդկային մոտեցում: Անկախ ազգությունից ու կուսակցական պատկանելությունից:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով