Ժամը 02:40-ի սահմաններում «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի առանձնատանը մոտեցան համազգեստով մի քանի անձինք՝ մասնավորապես փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը: Մի քանի րոպե Կարապետյանի տանը գտնվելուց հետո նրանք դուրս եկան Կարապետյան եղբայրների հետ։
Սամվել Կարապետյանը ջերմորեն զրուցեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ. «Ստե՞ղ ես, ընկեր»:
Հավաքվածներին նա հանգստության կոչ արեց. «Ասելիքս նույնն է: Ես մեր եկեղեցու կողքին եմ, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սեւացնեն՝ ոչ մի էլեկտրական ցանց… Թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլեկտրական ցանցի վրա էլ…Ամեն ինչ լավ է լինելու: Ժողովուրդը մեկ է՝ իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են»:
Նրան արձագանքեցին ծափահարություններով:
Կարդացեք նաև
Սամվել և Կարեն Կարապետյաններն ավտոմեքենայով ուղեւորվեցին ՆԳՆ:
Կարապետյաններին սատարողները հավաքվեցին Նալբանդյան պողոտայում՝ Ներքին գործերի նախարարության Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության շենքի դիմաց:
Հավելենք, որ գիշերը գործարար Սամվել Կարապետյանի տնից ոչ հեռու՝ Ազատության պողոտայում, «Հաղթանակ» զբոսայգու տարածքում, ավտոբուսներով կենտրոնացված էին ոստիկանության զորքեր, հատուկջոկատայիններ։ Ոստիկանները փակ էին պահում Ուլնեցի փողոցը:
Լրագրողներն արձանագրել էին նաև ոստիկանության դրոն, որը ողջ ընթացքում նկարահանում էր Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ գտնվող մարդկանց։