Շենգավիթի նախկին թաղապետին, որն այժմ կալանավայրում է, քաղաքապետարանում բնութագրելիս օգտագործում են «լկտի» բառը։ Նկատի ունեն, որ նա նախահարձակ լինող, «ռազբիրատներ» սիրող ղեկավար է եղել։ Նրա շուրջ սկանդալները սկսվել են 2019 թվականից․ դեռ «Երկիր ծիրանիից» Մարինա Խաչատրյանն էր ժամանակին բարձրաձայնել Մկրտչյանի պահվածքի մասին: Երբ «Կամք» հայկական արժեքների պաշտպանության հասարակական նախաձեռնության շրջանակում իրականացվում էր ստորագրահավաք` ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի, Ռազմիկ Մկրտչյանը 4-5 հոգով մոտեցել էր ստորագրահավաք իրականացնողներին, սադրել, անհարգալից վերաբերմունք դրսեւորել նախաձեռնության անդամների նկատմամբ:
Մկրտչյանն ագրեսիվ վարքագծով աչքի է ընկել նաեւ 2020 թվականին, երբ մի խումբ ջարդարարներով ծեծի էր ենթարկել Շենգավիթի թաղապետարանի աշխատակից Գեւորգ Պողոսյանին: Գործ էր հարուցվել, վերջինս ճանաչվել էր տուժող, հարցաքննվել էր, սակայն իրավապահները հետագայում այս գործը «ջրել» էին։
Օրեր առաջ՝ թաղապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո, ընկերների հետ ծեծի էր ենթարկել Շենգավիթի ՔՊ տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Մակարյանին․ այս միջադեպն արդեն ավարտվեց կալանքով: Այս անգամ թաղապետը համարձակվել էր ՔՊ-ականի «խաթրին կպնել»: Մակարյանը, հիշեցնենք, ժամանակին աշխատել էր թաղապետարանի քաղաքաշինության բաժնում, սակայն Մկրտչյանի հետ լեզու չգտնելու պատճառով` ամիսներ առաջ ազատվել էր աշխատանքից։ Հետո՝ մի առիթով հայհոյախառն արտահայտություններ էր արել Մկրտչյանի հասցեին, եւ վերջինս որոշել էր պատժել իրեն բան ասողին ու ծեծի էր ենթարկել նրան: Այս ծեծի պատմությունը հասել է Նիկոլ Փաշինյանին, եւ նրա հրահանգով էլ այժմ ՔՊ-ականը կալանքի տակ է։
Զրուցել ենք Մկրտչյանի փաստաբան Հրանտ Դադոյանի հետ։ Նա չցանկացավ գործի մանրամասները հայտնել՝ ասելով, թե նախաքննական գաղտնիք է ու պաշտպանական տակտիկա։
Կարդացեք նաև
Համաձա՞յն են կալանքի որոշման հետ, բողոքարկելո՞ւ են։ «Ըստ էության, որեւէ պաշտպան կալանավորման հետ համաձայն չէ, մեր հանգամանքները կենցաղային բնույթի են։ Պատրաստվում ենք բողոքարկել»,- ասաց պաշտպանը։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: