«Հրապարակը» ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի հետ զրուցել է Եկեղեցու շուրջ ծավալված իրադարձությունների մասին:
– Ի՞նչ վտանգավոր նախադեպ է ստեղծում այս արշավը, արդյո՞ք հայ Եկեղեցու եւ ազգի միջեւ անդունդն ավելի չի մեծանա:
– Ոչ։ Կարծում եմ, որ ինքը նպատակ ունի տկարացնել հայկական կողմը: Միշտ ասել եմ սա, երբ որ ինքը փորձում է բաժանել սփյուռքը, տկարացնել սփյուռքը։ Երբ բաժանում է հայ ժողովրդին սեւերի ու սպիտակների, ժողովրդի ու էլիտայի, դրսի ու ներսի հայերի, հայաստանցիների ու արցախցիների բաժանելով՝ նա մեզ տկարացնում է։ Երբ հայտարարել է, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին, նա տկարացնում է հայկական կողմը, երբ Տավուշի չորս գյուղերը փոխանցեց Ադրբեջանին: Տկարացնում է հայկական կողմը, երբ անպայման ուզում է խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ, երբ Ադրբեջանն ուզում է շարունակել պատերազմը եւ հենց Ադրբեջանը խաղաղության բացարձակապես պատրաստ չէ: Բայց արդեն Հայաստանը ծնկի եկած է՝ առանց միջազգային հանրության ներգրավման։ Նիկոլ Փաշինյանը որոշել է բոբիկ լինել միջազգային ընտանիքի դիմաց եւ ծունկի գալ Ադրբեջանի դիմաց, Ալիեւի դիմաց: Տեսանք, թե ինչպես է իրեն պահում, պատանիի պես է իրեն պահում, երբ Ալիեւի եւ Էրդողանի ներկայությամբ մասնակցում է գագաթնաժողովներին: Ես ամաչում եմ, որ Փաշինյանն ավելի հարգված ղեկավար չէ, ուղղակի իրենք ծաղրում էին Փաշինյանին։ Այս կեցվածքը Հայաստանի եւ Հայաստանի պետության կեցվածքն է նվաստացնում: Ուրեմն այս հանգրվանին նաեւ տկարացնում է Հայաստանը եւ հայ ազգը: Դրա դեմ է, որ մենք պետք է աշխատենք, պետք է պայքարենք, պետք է ձայն բարձրացնենք, որպեսզի առաջիկա ընտրություններում պատրաստվենք, որ ընտրությունները ժողովրդավարական ձեւով տեղի ունենան՝ առանց պետության ճնշման ժողովրդի վրա։ Մենք պետք է հրամցնենք Հայաստանի ժողովրդին ուրիշ պետության մոդել, ոչ թե այն մոդելը, որը գնում է դեպի բռնապետություն:
– Փաշինյանի արշավը Եկեղեցու դեմ կհաջողվի՞ արդյոք:
Կարդացեք նաև
– Չի կարող հաջողել: Այդ է խնդիրն իր համար, եթե ուժով էլ պարտադրի, չի կարող հաջողել, բոլորն իր դեմ են, բոլորը դատապարտում են իր արշավը՝ չի կարող հաջողել: Նիկոլ Փաշինյանն իր ճերմակ հացը կերել է արդեն եւ գնում է դեպի սեւ հացը, ինքը պանիկայի մեջ է, որովհետեւ հասկանում է, որ մեկ տարի հետո տեղի ունենալիք ընտրություններին շատ հավանական է, որ պարտվի, ինչպես պարտվեց Գյումրիում: Ինքը շատ ջղային է, չի կարողանում իրեն հանդարտ պահել, սա գիտենք, եւ շատ մեծ սխալներ է գործում: Երբ պետություն եւ երկիր ես ղեկավարում, պետք է միշտ հանդարտ լինել, հավասարակշռություն է անհրաժեշտ, ինքը չունի դա, ամեն ինչը կորցրել է եւ Եկեղեցու դեմ պատերազմ հռչակելու դեմ ինքը կպարտվի այդ պատերազմում, քանի որ բոլորս Եկեղեցիի կողքին ենք, քանի որ Եկեղեցին սուրբ արժեք է հայ ժողովրդի համար:
Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: