Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ քրեական դատարանը հաստատեց՝ Ջալալ Հարությունյանը մեղավոր է

Հունիս 18,2025 12:13

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ներկայացված բողոքները՝ անփոփոխ թողնելով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Ռոբերտ Պապոյանի եւ Լուսինե Աբգարյանի, այսօր հրապարակվեց ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով վճռի եզրափակիչ մասը։

Վճռի հրապարակման պահին դատարանի դահլիճում ծափեր հնչեցին։ Զոհվածների ծնողներն, ովքեր դատարան էին եկել իրենց որդիների նկարներով՝ շնորհակալություններ հայտնեցին դատավորին եւ օրհնության խոսքեր ասացին։

«Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր այդքան համարձակություն ունեն եւ չեն մասնակցում սրբապղծությանը։ Թող ՀՀ-ում շատ երեխաներ ծնվեն, մեծանան, ապրեն՝ հանուն ՀՀ-ի։ Մենք հերոս երեխա էլ չենք ուզում։ Թող մեր երեխաները վերջին հերոսները լինեն, մենք էլ հերոս երեխա չենք ուզում»,-ասում էին ծնողները՝ դատարանի դահլիճից հեռանալով արդարության զգացումով բավարարված։

Մանրամասները՝ տեսանյութում

Ի դեպ, մեղադրող կողմը դատարան չէր ներկայացել։

Հիշեցնենք, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ հինգ տարի վեց ամիս ժամկետով։ Դատավճռի դեմ բողոք ներկայացրել էր եւ տուժող, եւ պաշտպանության կողմը։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը պահանջել էր խստացնել Ջալալ Հարությունյանի նկատմամբ սահմանված պատիժը՝ սահմանելով ազատազրկում՝ 8 տարի ժամկետով։ Պաշտպանության կողմը երեք բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված վճիռն ամբողջությամբ, կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչելով եւ հռչակելով Ջալալ Հարությունյանի անմեղությունը, կամ բեկանել վճիռը եւ գործը կրկին ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, իսկ արդարացման կամ գործը նոր քննության ուղարկելու անհնարինության դեպքում՝ նշանակել նվազագույն պատիժ։

Հիշեցնենք նաեւ, ըստ մեղադրանքի՝ Ջալալ Հարությունյանը համակողմանի չի ուսումնասիրել, չի մշակել իրադրության մասին ստացված տեղեկատվությունը, համապատասխան ծառայությունների սպաների հետ ստացված տեղեկությունը չի քննարկել, իր աշխատանքային քարտեզները չի ուսումնասիրել, բայց առանց հիմնավորման նշել է, թե մոտեցող խմբավորումը յուրային է։ Տեղեկությունը հաղորդվել է «Ցորի» դիվիզիոնի անձնակազմին, իսկ մոտեցող խմբավորումն իրականում եղել է ադրբեջանական ստորաբաժանում։ 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30