Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արմեն Աբազյանին ազատելու որոշմանը։
Հարցին, թե արդյոք նրա ազատումը կապ ունի՞ Սամվել Կարապետյանի տանն իրականացվող գործընթացների եւ Եկեղեցու դեմ՝ Փաշինյանի գործողությունների հետ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Արմեն Աբազյանն իմ վարչապետության օրոք ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում եւ աշխատել է ամենաբարդ շրջանում՝ 2020 թվականի նոյեմբերից։ Նրա պաշտոնավարման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ, եւ ես կարծում եմ, որ նա արժանացել է, որ մի քիչ հանգստանա, որովհետեւ 5 տարի այդ լարված պայմաններում աշխատել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում։ Կարծում եմ՝ հասկանում եք, որ հեշտ չէ»։
Հարցին, թե այսինքն՝ վերոնշյալ հանգամանքների հետ կապ չունի՞ նրա ազատումը, Փաշինյանը պատասխանեց․ «Ձեր նշած հանգամանքների հետ․․․ Ուղղակի կապ ունի իմ նշած հանգամանքների հետ»։
Նա ասաց, որ ընդհանրապես ԱԱԾ տնօրենի աշխատանքն առնչվում է գրեթե ամեն ինչի հետ, հատկապես այն, ինչ վերաբերում է ազգային անվտանգությանը, այդ թվում՝ հիբրիդային անվտանգությանը։
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք Արմեն Աբազյանը հրաժարվե՞լ է կատարել Նիկոլ Փաշինյանի որեւէ հանձնարարական։ Փաշինյանն արձագանքեց․ «Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որեւէ հանձնարարություն կատարել»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ