Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ամենակոշտ ու ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ, չեմ հանդուրժի, որ որեւէ մեկի լեզուն պտտվի՝ նման բան ասի»․ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի մասին

Հունիս 18,2025 12:46

«Սամվել Կարապետյանի այդ հայտարարությունը Եկեղեցու մասին չէր, այդ հայտարարությունը Հայաստանի Հանրապետության մասին էր։ Եվ փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե ՀՀ կարող են գալ ինչ-որ մարդիկ ինչ-որ տեղերից եւ, ինչպես իրենք են ասում, իրենց ձեւերով ինչ-որ բան անել։ ՀՀ-ն ունի արձագանքի կոնկրետ լծակներ, եւ ես չեմ հանդուրժի ընդհանրապես, որ որեւէ մեկի լեզուն պտտվի՝ նման բան ասի։ Ես ընդհանրապես խորհուրդ եմ տալիս, որ որեւէ մեկի լեզուն չպտտվի՝ տենց բան ասի»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող գործընթացներին։

Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ն ժողովրդավար երկիր է, եւ ՀՀ-ում յուրաքանչյուր ոք ունի իրավունք՝ կարծիքներ արտահայտելու, հավաքներ անցկացնելու, քաղաքական եւ հանրային կյանքին մասնակցելու, բայց Հայաստանի Հանրապետությանը որեւէ մեկը սպառնալ չի կարող։ «Եվ ես ամենակոշտ ու ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում»,- ասաց Փաշինյանը։

Լրագրողները հիշեցրին, որ Սամվել Կարապետյանն իր հայտարարության մեջ ասել էր, որ կանգնելու է Եկեղեցու կողքին, ի՞նչ սպառնալիք կա այդտեղ։ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ոչ, Կարապետյանն ասաց, որ եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, մենք մեր ձեւերով կմասնակցենք կամ կմիջամտենք։ Դա արժանացել է եւ արժանանալու է կոնկրետ համարժեք գնահատականի»։

Նա ասաց, որ մեր երկրում ոմանք ժողովրդավարությունը փորձում են նույնացնել թուլության հետ։ «Ես ասում եմ՝ նրանք, ովքեր կփորձեն ժողովրդավարությունը թուլության հետ շփոթել, պետության համը կմնա նրանց բերաններում։ Ով ասի՝ եթե քաղաքական գործիչներն ու ճանապարհները չաշխատեն, մենք մեր ձեւերով կմասնակցենք, արժանանալու է։ Իմ կարծիքով՝ այդ հայտարարությունը կապ չունի ոչ Եկեղեցու, ոչ Եկեղեցու շահերի հետ։ Եկեղեցին տվյալ դեպքում ՀԷՑ-ի՝ շուտով արդեն նախկին սեփականատերերի համար ընդամենը ծխածածկույթ է։

Ես ուղիղ մեկ ամիս առաջ մեկ ամիս ժամկետով կառավարության անդամներին տվել էի հանձնարարական, որ կամ ՀԷՑ-ի կողմից ժողովրդին հասցված վնասը պետք է վերականգնվի․․․ Ես զարմանքով ու զայրույթով արձանագրեցի,որ ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել։ Հիմա նաեւ վերլուծությունն առնվազն թույլ չի տալիս հրաժարվել այն մտքից, որ այդ ամենն արվել է եւ արվում է Հայաստանում ներքին հանրային դժգոհություն գեներացնելու համար։ Բայց ես տվել էի հանձնարարական, որ մեկ ամսվա ընթացքում կամ պետք է ժողովրդին հասցված վնասը վերականգնման մեխանիզմներ ներդրվեն, կամ ՀԷՑ-ը պետք է ազգայնացվի, այսինքն՝ պետականացվի։ Իմ հանձնարարականի օրը լրանում է հունիսի 21-ին։ Եվ ես այդ ակտիվացումն ուղիղ կապում եմ իմ այդ հանձնարարականի ու որոշման հետ, որովհետեւ կառավարության անդամները սկսել էին աշխատել, ՀԷՑ-ին հստակ ուղերձ տվել էին»,- նշեց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ում կա իրավակարգ եւ այդ իրավակարգի շրջանակներում ամենաարագ եւ արդյունավետ գործելու տեղը Ազգային ժողովն է։ «Մեր մասնագետները քննարկում են, ԱԺ ՔՊ խմբակցությունը աշխատում է, ԱԺ-ում արդեն կա օրենքի նախագիծ՝ ՀԷՑ-ը ազգայնացնելու նախագիծ։ Ամեն ինչ տեղի կունենան օրենքով»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ քրեական վարույթները դրա հետ կապ չունեն, կապ կստեղծվի, թե ոչ, դա արդեն ուրիշ խնդիր է։

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի հայտարարությանը՝ Փաշինյանն ասաց․ «ՀՀ-ն կկասեցնի ցանկացածի՝ իր ձեւով որեւէ հարց լուծելը»։ Ըստ նրա՝ քննչական մարմինները կտան համապատասխան գնահատականներ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաշխարհային բանկի ֆեյսբուքյան էջից լուսանկարում՝ 2019 թ. հոկտեմբերի 24, Երևանում պաշտոնապես վերագործարկվեց վերակառուցված և ընդլայնված Հաղթանակ էլեկտրական ենթակայանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30