Լրահոս
«Սաղ ժողովուրդը»…
Օրվա լրահոսը

«Իմ տպավորությունն այն է, որ Սամվել Կարապետյանն առանձնապես մտահոգություն չունի ՀԷՑ-ի մասով»․ Տիգրան Աբրահամյան

Հունիս 18,2025 12:56

«Սամվել Կարապետյանի մասով նաև հարձակումներ կան Ադրբեջանի կողմից։ Դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը վաղուց փորձում է միջազգային հետախուզություն հայտարարել ու ճնշում գործադրել նրա նկատմամբ, քանի որ ըստ նրանց՝ Սամվել Կարապետյանն Արցախում բավականին մեծ ներդրումներ է արել, ինչն իրականություն է։ Բոլոր այն մարդիկ, որոնք ներդրում են կատարել Արցախում, հայտնվում են Ադրբեջանի սև ցուցակում»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Լրագրողները փաստեցին՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է գրառումներ անել ՀԷՑ-ի` պետականացնելու թեմայով, Տիգրան Աբրահամյանն արձագանքեց․ «Իշխանության կամայականությունները տարբեր փուլերում արտահայտվում են։ Մեր բոլորի աչքի առաջ են եղել, երբ իշխանությունները տարբեր գրոհներ են սկսում այն ինստիտուտների ու գործիչների նկատմամբ, որոնք իրենց դիրքորոշումից տարբեր մոտեցնում են ներկայացրել։ ՀԷՑ-ի դեպքում իմ տպավորությունն այն է, որ Սամվել Կարապետյանն  առանձնապես մտահոգություն չունի այդ մասով։ Ամեն ինչ անելու է՝ անկախ նրանից՝ իրեն ֆինանսական կորուստ կլինի, թե՝ ոչ։ Սա այլ խնդիր է առաջացնում։ ՀՀ-ն ունի փոքր տնտեսություն, բայց պոտենցիալ ներդրողները, կառույցները, որոնք հետևում են աշխարհում տեղի ունեցող միտումներին, սա ընկալում են՝ որպես մարդկանց սեփականության դեմ հարձակում, և ազդելու է ՀՀ-ի վարկանիշի, հետագայում հնարավոր ներդրումների վրա՝ անկախ նրանից, թե դրա հիմքում այսօրվա քաղաքական ուժն ինչ է դնում»։

Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ իշխանությունների համար կա առաջնահերթություն․ «Այդ առաջնահերթությունն իրենց իշխանության երկարաձգումն է՝ անկախ նրանից, թե դա ինչ հետևանքներ կթողնի ՀՀ-ի, ՀՀ-ի պետականության վրա։ Կա մի գիծ, և դա անցնում է նրա՝ իշխանության պահպանության և վերարտադրության ճանապարհով։ Այն վարքագիծը, որը դրսևորում է իշխող ուժի ղեկավարը և արտահայտվում է սոցցանցում, վաղը կարող է իրեն հռչակել՝ որպես հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ և ասել, որ այն խումբը, որ մենք ձևավորել ենք, օբյեկտիվ առումով համարում է, որ ես կարող եմ այդ տեղը զբաղեցնել։ Երբ մարդը գնում է վա բանկ, ստեղծված իրավիճակում տրամաբանություն ակնկալել նրա քայլերից, չենք կարող»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30