«2022թ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել նոր Քրեակատարողական օրենսգիրք, որտեղ ի թիվս այլ նոր կարգավորումների՝ փոփոխություններ կային ազատությունից զրկված անձանց, դատապարտյալների՝ արտաքին աշխարհի հետ կապի հարցերի կարգավորման մասին: Մասնավորապես, նախկին Քրեակատարողական օրենսգրքով դատապարտյալների տեսակցությունների տրամադրման քանակը հետեւյալ կերպ էր սահմանված. յուրաքանչյուր դատապարտյալ իրավունք ունի ամսվա մեջ՝ մեկ կարճատեւ եւ երկու ամսվա ընթացքում մեկ երկարատեւ տեսակցություն ունենալ:
Այս մոտեցումը նոր օրենսգրքով էականորեն փոփոխությունների է ենթարկվել, տեսակցությունների քանակը սահմանվել է դատապարտյալների անվտանգային գոտում պատիժ կրելու հանգամանքով»,- Մեդիա կենտրոնում կայացած «Ազատազրկվածներն ու արտաքին աշխարհը. ի՞նչ է թույլ տալիս օրենքը, և ի՞նչ է տեղի ունենում գործնականում» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետի տեղակալ Հովհաննես Մարգարյանը:
Նրա խոսքով. «Ցածր անվտանգային գոտում մեղմ պայմաններում պատիժը կրող դատապարտյալներին նոր օրենսգրքով հնարավորություն է տրվել տարվա ընթացքում ունենալ 12 երկարատեւ եւ նույնքան կարճատեւ տեսակցություն, ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններում պատիժ կրողներին՝ 10 երկարատեւ եւ 10 կարճատեւ, միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում մեղմ կրողներին 8 կարճատեւ եւ 8 երկարատեւ տեսակցություն, խիստ պայմաններում պատիժ կրողներին հասնում է 6 կարճատեւ եւ նույնքան երկարատեւ տեսակցություն, իսկ բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրողներն ունեն 4 կարճատեւ եւ 4 երկարատեւ արձակուրդի հնարավորություն»:
Հովհաննես Մարգարյանը փաստում է, որ նախորդ իրավակարգավորմամբ, եթե անձին տրված էր հնարավորություն ամսվա մեջ ունենալ մեկ կարճատեւ տեսակցություն, դրանով սահմանափակվում էր ամեն բան, իսկ այժմ դատապարտյալը ազատ է տնօրինել իրեն հասանելիք տեսակցությունները, օրինակ` դրանցից օգտվել մեկ ամսվա ընթացքում, կամ սպառել 2 ամսվա ընթացքում:
Կարդացեք նաև
«Դրական բնութագրվող դատապարտյալներին, հնարավոր է նշված քանակից ավելի տեսակցություն տրամադրվի: Օրենսդրությունը նախատեսում է խրախուսանքի միջոցով ազատությունից զրկված անձանց նկատմամբ կիրառել խրախուսանք՝ երկարատեւ կամ կարճատեւ տեսակցություն ունենալու միջոցով: Մեկ այլ նոր կարգավորմամբ՝ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների համար նախատեսվել է մինչեւ 5 օր տեւողությամբ երկարատեւ տեսակցություն ունենալու իրավունք՝ հիմնարկի սահմաններից դուրս:
Սակայն 2022թ. այս փոփոխությունը մինչ օրս չենք կիրառել, քանի որ նախատեսվում էր, որ իրավակարգավորումները պետք է տար ներքին կանոնակարգը, բայց կարգավորումներում ունեցանք որոշակի բացթողումներ, հստակ չէր, թե ինչ սկզբունքով պետք է տրամադրվեր այս տեսակցությունը»,-ընդգծեց նա:
Նաեւ հավելեց, որ այդ խրախուսանքի միջոցը կիրառելու նպատակահարմարությունը չեն գտել, քանի որ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալներին այսպես թե այնպես հնարավորություն է տրված օգտվել մինչեւ 30 օր տեւողությամբ երկարատեւ մեկնման իրավունքից. «Ուստի նպատակահարմար չէ այն դատապարտյալին, որին պետք է տալ 5 օր երկարատեւ տեսակցություն՝ հիմնարկի տարածքից դուրս եւ սահմանել նրա նկատմամբ վերահսկողություն, քանի որ դրա մեխանիզմները չգիտենք ինչպես իրականացնել: Դրա համար էլ առաջարկություն ենք ներկայացրել Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու եւ այս դրույթը Քրեակատարողական օրենսգրքից հանելու մասով»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի