Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարող հավատալ, որ Կրեմլից հիբրիդային պատերազմ կարող է մղվել Հայաստանի դեմ»․ Նիկոլ Փաշինյան

Հունիս 18,2025 14:44

«Մենք ասել ենք, որ հավատարիմ ենք մնալու խաղաղության օրակարգին։ Եվ մենք շարունակում ենք խորհրդակցություններն ու բանակցություններն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների շուրջ։ Փորձում ենք ստեղծել այն միջավայրը եւ պայմանները, որ դա հնարավոր լինի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության շուրջ կան սպառնալիքներ, այդ սպառնալիքները եղել են միշտ։ Բայց նորությունն այն է, որ ՀՀ շուրջ եւ ՀՀ համար ստեղծվել են աննախադեպ հնարավորություններ, որոնք նախկինում երբեք չեն եղել։ «Եվ ընդ որում նորություններից մեկն այն է, որ հիմա, իմ գնահատմամբ, Հայաստանի Հանրապետությունը սպառնալիքները կառավարելու եւ հնարավորություններն օգտագործելու ավելի մեծ կարողություններ եւ հնարավորություններ ունի»,- ասաց նա։

Անդրադառնալով Բաքվի բանտերում պահվող հայ գերիների մասին հարցին, թե ի՞նչ աշխատանք է տարվում՝ նրանց վերադարձնելու համար, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Բոլոր հարցերով մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, նայած՝ այդ օրն ինչ հնարավորություններ եւ ինչ նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս։ Այդ հարցերը չեն կարող մեր օրակարգից դուրս լինել»։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ հարցին, որ ընդդիմությունն իր իմպիչմենտի գործընթաց է նախաձեռնել։ «Ընդդիմությունն իր գործունեությամբ է զբաղված, թող զբաղվի։ Կհաջողի, թե չի հաջողի, իրենք թող մտածեն։ Ես կարծում եմ, որ չի հաջողի»։

Հարցին, թե Ռուսաստանը հիբրիդային պատերա՞զմ է մղում Հայաստանի դեմ, եւ Սամվել Կարապետյանի հետ կապված գործընթացներն այդ համատեքստո՞ւմ են, Փաշինյանը պատասխանեց․ «Ես փոխադարձ վստահության վրա հիմնված շատ սերտ աշխատանքային հարաբերություններ ունեմ ՌԴ նախագահի, ՌԴ կառավարության ղեկավարի հետ։ Եվ ես չեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ իրենց կառավարությունից, որը Սպիտակ տուն են անվանում, կարող են Հայաստանի դեմ նման գործողություններ տեղի ունենալ։ Բայց չեմ բացառում, եւ մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանում, այնուամենայնիվ, կան որոշակի շրջանակներ, ընդ որում, ոչ միայն Ռուսաստանում կան այդպիսի շրջանակներ, ես վստահ եմ, որ կոնկրետ այս դեպքում այլ երկրներում էլ կան որոշակի շրջանակներ, որոնք այս հիբրիդային գործողությունների եւ հիբրիդային պատերազմի հետեւում են կանգնած։ Բայց ես նաեւ համոզված եմ, որ մենք ունենք բոլոր կարողությունները եւ հնարավորությունները կառավարելու այդ հիբրիդային ռիսկերը եւ ոչ միայն հիբրիդային ռիսկերը»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Կրեմլից չէ, այլ Կարմիր հրապարակի դամբարանից։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30